Այսօր Շուշիի ազատագրման օրն է. մի քանի փաստ (տեսանյութ)
Մի քանի փաստ Շուշիի ազատագրումից/ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ1988-1994, Հանրագիտարան/ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանը: Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը: Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ը 1994թ. սահմանել է «Շուշիի ազատագրման համար» շքանշան: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր: