Տարկետման իրավունքի մասին նախագծի քննարկումը հետաձգվեց
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկեց «Ժառանգության» պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքի տրամադրումը՝ փոփոխություններ կատարելով «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում: Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով օրենքի բովանդակությանը, նկատեց, որ վերջին շրջանում ասպիրանտների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ է, իսկ ասպիրանտուրայից հետո նրանցից 5-7 տոկոսն է զբաղվում գիտական գործունեությամբ. «27 տարին լրանալուց հետո նրանք բացարձակապես գիտությամբ չեն զբաղվում եւ դարձել են կայացած գործարարներ: Մենք կողմ ենք, որ գործարարներ դառնան, բայց ոչ գիտության հաշվին»: Ըստ նրա՝ մեր ճակատագիրն է դառնալ բանակ-պետություն եւ կարողանալ օգտագործել մեր բոլոր ռեսուրսները. «Այս օրինագիծը միտված է նրան, որ այս ոլորտում մաքսիմում կարողանանք մեր ռեսուրսներն օգտագործել»: Ավարտելով ելույթը՝ Ռուբեն Հակոբյանն առաջարկեց չքվեարկել օրինագիծը՝ լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար եւ սպասել կառավարության ներկայացվելիք փաթեթին, որտեղ իրենց ներկայացրած առաջարկները ներգրավված են լինելու: Թեւան Պողոսյանն իր նախագծի վերաբերյալ, որով նա ցանկանում է ուսումնասիրել զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրները, առաջարկեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ամբողջ համակարգի խնդիրները՝ հաշվի առնելով ապրիլյան դեպքերը: Մայիսի քսանին ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով: