180 հոգանոց դպրոցում սովորում է ընդամենը 16 աշակերտ (տեսանյութ)
Վայոց ձորի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում այսօր սովորում է ընդամենը 16 աշակերտ: Մինչդեռ 1967թ. հիմնադրված դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար: «Մեր դպրոցը կոմպլեկտավորված է, ամեն դասարանում 1, 2 կամ 3 աշակերտ է սովորում: 3-րդ, 4-րդ,10-րդ և 11-րդ դասարանները նստում են երկկոմպլեկտ ՝ ֆինանսավորումից և աշակերտների քանակից ելնելով: Մենք առաջին, երկրորդ և 12-րդ դասարան այս պահին չունենք »,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը: Դպրոցի տնօրենը մտահոգված է՝ միայն այս տարի գյուղից երեք ընտանիք է արտագաղթել, որն էլ բացասաբար է անդրադառնում նաև աշակերտների թվի վրա: «Կոնկրետ 9 աշակերտ պակասել է անցյալ տարվա համեմատ: Տարեց տարի, եթե այդպես տեղափոխվեն, ուրեմն դպրոցում աշակերտ էլ չի մնա: Չգիտենք այս գեղեցիկ շինությունը ինչ կլինի »,-ասում է Արմեն Թովմասյանը: Թեպետ դպրոցի շենքը վերջերս է վերանորոգվել, այդուհանդերձ, դպրոցն ունի մարզական գույքի խնդիր: Արմեն Թովմասյանի խոսքերով՝ դահուկավազքի մրցումների ժամանակ իրենց գյուղը եղել է մարզի ամենաուժեղ գյուղերից մեկը: «Ունեցել ենք նաև չեմպիոններ, բայց հիմա դահուկներ չունենք, որ գոնե ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ կարողանանք այդ սպորտաձևը զարգացնենք: Կամ կարողանանք գյուղում ինչ-որ տուրիզմի կենտրոն բացել, որը կօժանդակի և մարդիկ գուցե չգնան գյուղից»: Արմեն Թովմասյանը կես կատակ կես լուրջ ասում է, որ տարվա 7 ամիսներն իրենց գյուղում ձմեռ է: Գյուղի միակ աշխատատեղն այդ դպրոցն է, որտեղ 11 ուսուցիչ է աշխատում։ Չկան երիտասարդական կամ սպորտային կենտրոններ, չկա աշխատանք, երիտասարդների զբաղվածությունն ապահովող որևէ միջոց, ինչն էլ ըստ էության դառնում է գյուղը լքելու հիմնական պատճառ: «Ռուսաստանի Դաշնություն շատ-շատ գնացածներ կան մեր գյուղից, ու երիտասարդներն էլ են արդեն այդ ճանապարհը բռնել, որը լավ բան չի սպասվում, գյուղաթափման ամենավտանգավոր ծրագրերից է դա»,-իր մտահոգությունն է հայտնում տնօրենը: Ըստ գրանցամատյանի գյուղում կա 350 մարդ, սակայն փաստացի ներկա դրությամբ ապրում է ընդամենը 80 հոգի: Գյուղի խնդիրները քիչ չեն: «Հիմնականում գյուղի ճանապարհների խնդիրն է, որ ընդհանրապես կապ չունենք մեր մարզկենտրոնի հետ: Չունենք ուրիշ ոչ մի կապող օղակ»,-շեշտում է Արմեն Թովմասյանը: Բնակլիմայական պայմանները բացի անասնապահությունից ու մեղվաբուծությունից, այլ զբաղմունքի հնարավորություն գյուղացիներին չի ընձեռում: «Ցորեն էլ ենք ցանում, բայց չի արդարացնում: Եթե ցրտահարություն է լինում, ապա աշնանացան ընդհանրապես չենք կարողանում անել մեր գյուղում, գարնանացանն էլ տարվա վրա է՝ երաշտ եղավ, ցանած բերքն էլ չենք կարողանա հնձել: Հիմնականում անասնապահությունն է , մի քանի տնտեսություն էլ կարտոֆիլ են ցանում, բայց ոչ վաճառքի համար, այլ իրենց ընտանեկան կարիքները հոգալու համար: Այդպես ապրում ենք էլի, ուրիշ գնալու տեղ չկա, ձև չկա, ճար ունեցողները գնացել են, անճարներն են մնացել, բայց մենք նաև սիրում ենք մեր գյուղը»,-նշում է պարոն Թովմասյանը: Վերջինս նաև հիշեցնում է, որ նախկինում Կարմրաշենը Վայքի տարածաշրջանի ամենամեծ բնակավայրն էր՝ ունենալով մոտ 1040 տնտեսություն, իսկ այդ նույն դպրոցում խորհրդային տարիներին եռալեզու ուսում է ստացել շուրջ 320 աշակերտ: Մանրամասները՝ տեսանյութում