Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները պիտի համբուրեն ժողովրդի ճակատը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Merujan-nkar

Արցախում ապրիլյան պատերազմից հետո երգիչ - երգահան Ռուբեն Հախվերդյանը պարադոքսալ մի եզրակացության է եկել. «Մենք ունենք թուրք, որի դեմ պայքարում ենք, որը հարձակումներ է գործում Ադրբեջանից և ունենք թուրքեր, որոնք մեզ կողոպտել ու թալանել են, դա մեր ղեկավարությունն է»։ Ըստ երգչի՝ այնպես չէ, որ մեր երկիրն աղքատ է ու զենք գնելու գումար չկա։ Պարզապես փողի աղբյուրները անհատների ձեռքում են։ «Մեր ազգային հարստությունը հանքավայրերն են չէ՞, հանքավայրերի մեջ սրանք բոլորն էլ մեծ մասնաբաժին ունեն, ասենք՝ մոլիբդենը գնում է Ռոբերտին և Սերժին»։ Քանի դեռ  հրադադարը փխրուն է, ծայրահեղ անհրաժեշտություն է մեծ գումարներ հատկացնել զենք գնելուն` hամոզված է պարոն Հախվերդյանը. «Ռուսաստանը հիմա մեզ զենք չի տալիս, զենք չի տալիս նաև այն պատճառով, որ Պուտինը դեմ է տվել, ասել է մենակ անցյալ տարի 8 միլիարդ դոլար է դուրս եկել Հայաստանից, բա այդ փողը ինչի՞ վրա է գնում, զենք առեք կռվեք»։ Այդ գործն, ըստ գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի, մեր ուժերից վեր չէ. «Հայաստանը հասկանալի է նավթ չունի, ինչպես Բաքուն, բայց ամբողջ աշխարհում 10-12 միլիոն հայ է ապրում, և բոլորի մասնակցությունը ավելի հզոր է, քան նավթը»։ Ապրիլյան օրերը ցույց տվեցին՝ այն, ինչ կախված էր ժողովրդից, կատարվեց գրեթե անթերի, փոխարենը իշխանությունների թերություններն ու բացերը պարզ երևացին։ Ռուբեն Հախվերդյանը նշում է. «Հաղթեցին ոչ թե գեներալները, այլ զինվորները, մեր քաղաքացիները։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի մեջ արթնացավ իր հայրենիքը պաշտպանելու բնազդը, որովհետև մենակ հրամանով չի»։ Մերուժան Տեր-Գուլանյանը հավելում է. «Մեր իշխանություններն իրենց գործունեությամբ և աշխատանքով պիտի խոնարհվեն ու համբուրեն մեր ժողովրդի ճակատը։ Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ պիտի անել այսօր բարձրացնել բանակի մարտունակությունը և հասարակության ոգեշնչվածությունը հայրենիքի շուրջ պահպանել»։ Մերուժան Տեր-Գուլանյանը խորհուրդ է տալիս բոլորին՝ երբևէ չմտածել տարածք զիջելու մասին, քանզի հայրենիքը չի կարելի երբևէ ուրիշին հանձնել։  Ավելին՝ տեսանյութով