Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փարիզյան սուրճի» նախկին տիրուհուն՝ հրապարակային նախապահանջ

Քաղաքականություն
0444cf9be68570bdf7c4adb4d2a39c69

Սեւակ  Գրիգորյանը, որը մոտ հինգ տարի առաջ  եղել է  «Փարիզյան սուրճ» -ի տնօրենը,  արդեն նախկին տիրուհուց՝ Վալերի Աշխեն Գործունյանից  պահանջում է  կատարել  չմարված պարտականությունները։ «Տիկին Գործունյանը ինձ գումար է պարտք՝  2 մլն դրամ»,- հայտարարում է Սեւակ Գրիգորյանը՝   վստահեցնելով, թե այս տարիներին լռել է՝  «հույսը դնելով տիկնոջ  բարեպաշտության վրա»։ Պարոն Գրիգորյանի փոխանցմամբ՝   ինքը «գումար է  տրամադրել  Վալերի Աշխեն Գործունյանին՝  ընկերության  կործանման պահին»։ Պարտքի մի մասը նա կարողացել է  ետ ստանալ  դատական կարգով, մնացել է այդ 2 մլն դրամը, որի դիմաց  գրավադրված են  արժեքավոր իրեր։ «Դրանք տիկին Գործունյանի հոր՝ երջանկահիշատակ Գուրգեն Գործունյանի անձնական հավաքածուից թանկարժեք քանդակներ են։  2011թ-ին,    դատարանի վճռով՝  այդ քանդակները  մինչեւ 2012թ հունվարի 21-ը,  ինձ են ի պահ հանձնվել որպես գրավ, մինչև տիկին Աշխեն Գործունյանը ամբողջությամբ կմարեր իմ հանդեպ առկա գումարային պարտավորությունը։ Քանդակները, տիկին Աշխենի պատվիրած անկախ փորձագետի գնահատմամբ, արժեն ավելի քան չորս միլիոն դրամ»,- պատմում է Սեւակ Գրիգորյանը։ Ինչո՞ւ չի վաճառում քանդակները, հարցին՝ պարոն Գրիգորյանը պատասխանում է. «Ուրիշի գույքը  տնօրինելու ցանկություն չունեմ, թող ինքը վաճառի, ինչպես վաճառել է իր սրճարանը, գույքը, եւ վերադարձնի իմ գումարը»։ Իսկ լրատվամիջոցներին դիմում է, քանի որ, ըստ նրա, համբերությունն արդեն հատել է, եւ դրան նպաստել է  «Փարիզյան սուրճի» նախկին տիրուհու արձագանքը։ Սեւակ  Գրիգորյանը   պնդում է՝ թե  վերջերս   կապ է հաստատել տիկին Գործունյանի հետ՝  հիշեցրել  չմարված պարտականության մասին, առաջարկել վճարել գումարը եւ  վերցնել հորից ժառանգած թանկարժեք իրերը։   Ի պատասխան իր  էլեկտրոնային նամակի՝ տիկին Գործունյանը գրել է. «Ձեր նկատմամբ որեւէ չմարված կամ չկատարված պարտավորություն չունեմ»: Զարմացած այս պատասխանից՝  Սեւակ Գրիգորյանը  որոշել է հրապարակային նախապահանջ ներկայացնել տիկին Գործունյանին ՝  հնգօրյա ժամկետում գումարը վերադարձնելու եւ գրավադրված գույքը վերցնելու համար։ Հակառակ դեպքում նա կդիմի օրենքով սահմանված քայլերի, որոնց մասին նա դեռ չի ցանկանում բարձրաձայնել.«Օրենքով սահմանված այն  գործողություններին, որոնց ես դիմեցի, երբ տիկին Աշխենը չէր ցանկանում վերադարձնել  18 մլն դրամ պարտքը, եւ հետո ստիպված եղավ անել»։ Սեւակ Գրիգորյանը նաեւ հարց է տալիս Վալերի Աշխեն Գործունյանին, եթե  այդ 2 մլն դրամը դրվեր բանկում որպես ավանդ, որքան կավելանար հինգ տարվա ընթացքում։ Ի դեպ, «Ա1+»-ը Սեւակի Գրիգորյանի նամակի առիթով դիմել էր տիկին Գործունյանին, վերջինս պատասխանել էր, թե «նման հարցերը լրատվամիջոցներով չեն քննարկում, առավել եւս երբ ի սկզբանե հայտնի է, որ հարցը խիստ անձնական-ընտանեկան տիրույթի հարց է»: «Իմ հորից ինձ մնացած քանդակները իմ միակ անձնական եւ գույքային կորուստը չի եղել Հայաստանում: Դա նույնիսկ չի համեմատվի այն ամենի հետ ինչ ես կորցրել եմ Հայաստանում եւ դեռ շարունակում եմ կորցնել: Ես այդ ցավը վաղուց եմ հաղթահարել եւ ոչ մի ցանկություն չունեմ դրան հետ վերադառնալու»,- ասել է նա։ IMG_8671 (1) IMG_8668   IMG_8672