Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայապահպանությունը սփյուռքում զուտ սիմվոլիկ գործընթաց է» (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Qnarik-Avagyan

«Հայոց ցեղասպանության հետևանքով մենք ոչ միայն զրկվեցինք տարածքներից և պատմամշակութային արժեքներից, այլ նաև մարդկային վերապրած սերնդից, որը ցրվեց աշխարհով մեկ և հիմա սերնդափոխության արդյունքում ձուլման և օտարացման ճանապարհին է»,-նշում է պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ 1915թ-ից այս կողմ հայկական սփյուռքը արդեն 5-րդ սերունդ է թևակոխել, որը ենթադրում է ամբողջությամբ օտարացած հավաքականություն՝  արևմտյան համայնքներում, իսկ արևելյան շրջաններում այժմ արդեն արագ թափով տեղի է ունենում քրիստոնեաբնակին գործընթաց: «Այսինքն` Ցեղասպանությունից փրկված և արևելյան տարածքներում ապաստանած սերունդները ևս անապահով վիճակում են, որովհետև Մերձավոր և Միջին Արևելքի տակնուվրա վիճակը նրանց ստիպում է անընդհատ կրկնագաղթել՝ այս դեպքում արդեն արևմտյան տարածքներ, իսկ արևմուտքը ձուլարան է»,- շեշտեց Քնարիկ Ավագյանը: Վերջինս ցավով է նկատում, որ այդ հարցը սփյուռքի կառույցներին այդքան էլ չի մտահոգում, քանզի հայկական կառույցները    հայապահպան պասիվ գործունեություն են իրականացնում, որը, սակայն, ժամանակավոր բնույթ է կրում և նպատակային և հայաստանակենտրոն հայապահպանություն չէ: Այս համատեքստում սփյուռքագետը նշեց նաև. «Սա ժամանակավոր, ինքնանպատակ, ինստիտուցիոնալ բան է, այսինքն հայկական  եկեղեցի, դպրոց հաճախելով՝ պարտքը ազգի և ինքնության նկատմամբ համարվում է կատարված, մինչդեռ մեր աչքի առաջ է, թե ինչպես են սերունդները ձուլվում և դա բնական է դիտվում: Դրա արդյունքն էլ այն է, որ այդ երկրում մեծացած և ուսում ստացած անձիք հետագայում դառնում են այդ երկրների, այդ միջավայրի տնտեսական և քաղաքական շահերի ձայնափողը և այդ շահերի կրողը, որը ոչ միշտ է , որ համընկնում է Հայաստանի շահերի հետ, հետևաբար մենք ունենում ենք ամորֆ հավաքականություն»: Նրա խոսքերով՝ հայապահպանությունը սփյուռքում զուտ սիմվոլիկ, ինքնախաբեական գործընթաց է: «Ա1+» հարցին, թե ինչ ճանապարհներով կարելի ինչ-որ չափով խուսափել այդ ամենից, տիկին Ավագյանը պատասխանեց. «Որպեսզի հայապահպանությունը սփյուռքում նպատակային դառնա, այն պետք է ունենա տեսլական, թե ինչի համար ես հայապահպանվում: Սպասել մի 5 տարի էլ մինչև լոբբիստական գործունեության շնորհիվ այս կամ այն երկիրը կճանաչի  Հայոց ցեղասպանությունը, ապա 10-րդ սերունդն արդեն ըստ էության ոչ մեկին պետք չէ: Այսինքն դա պետք  է լինի գենոֆոնդի փրկության համար, որը  երկկողմանի է շահավետ: Սփյուռքը գիտակցում է, որ ինքը դրսում օտարանում է, բայց այդ մասին սփյուռքի մամուլը, ԶԼՄ-ները չեն ցանկանում խոսել»: