Մենք ի՞ր ժողովուրդն ենք, թե՞ ոչ. կոնդեցիները փոխհատուցում են ուզում (տեսանյութ)
Կառավարությունից իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում են պահանջում Կոնդ թաղամասի մոտ 200 նախկին բնակիչներ։ Նրանք տարիներ առաջ դուրս են եկել իրենց տներից, քանի որ դրանք՝ որպես պետական գերակա շահ, քանդվել են։ «Անմարդկային պայմաններում հիմա վարձով ապրում ենք։ Ասացին, որ երկու տարում մեր տունը կկառուցվի, երկու տարին դարձավ ինը տարի։ Կան մարդիկ, որ ավելի շուտ են դուրս եկել իրենց տներից։ Ամեն անգամ խաբում են. վարչապետը խաբում է, Սերժ Սարգսյանը խաբում է։ Ես արդեն 78 տարեկան եմ, ինչի՞ս է պետք դրանից հետո այդ բնակարանը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արուսյակ Վարդանյանը։ Նա՝ ի թիվս տասնյակ այլ բնակիչների, եկել էր կառավարության շենքի մոտ։ «Ամեն անգամ ակնկալիքով գալիս ենք, որ վարչապետը 5 րոպե տրամադրի, բայց ոչ գալիս է...Մենք իր ժողովո՞ւրդն ենք, թե՞ ոչ։ Մեր տներն ենք պահանջում, ինչքա՞ն կարելի է դրսում մնալ»,-իր հերթին շեշտեց Կոնդի նախկին բնակիչներից Անի Տոնոյանը։ Մի քանի տարի է՝ ինչ «Դվին» հյուրանոցի հարակից հատվածում կառուցվում է շենք՝ նախատեսված այս բնակիչների համար։ Սակայն նրանք արդեն հոգնել են սպասելուց. «Իբրև թե 2 շենք են կառուցում, բայց դրանց մեջ բնակարանները քիչ են։ Արդեն մեկ ամիս ու կես է՝ գնում, գալիս ենք՝ վարչապետը չի ընդունում։ Թող ֆինանսական փոխհատուցում տա, մենք այդ տները չենք ուզում։ Ինչպե՞ս կարելի է՝ ամեն անգամ հիվանդ հալիս գալիս եմ, գոռում եմ՝ վարչապե՛տ, ընդունի»,-վրդովված ասաց կենտրոնի երբեմնի բնակիչ Անահիտ Ղազարյանը։ Նշենք, որ թաղամասում դեռևս շարունակում է բնակվել մի քանի հազար ընտանիք, որոնց բնակարանային խնդրի լուծմանը կառավարությունը դեռևս չի անդրադառնում։