Իշխանությունը երկրորդ փորձը կանի ընդդիմության հետ երկխոսելու (տեսանյութ)
Դավիթ Հարությունյանը ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ կոնսենսուսից ավելի կոշտ է համարում խորհրդարանում օրենսգրքի օգտին քվեարկողների կոնսենսուսը. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է անհամեմատ ավելի կոշտ չափանիշի, այսինքն, պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդին»: Սակայն Եվրամիության հայաստանյան գրասենյակի ղեկավարը երեկ պնդում էր, որ իշխանությունը պարտավոր է կոնսենսուսի գալ հատկապես արմատական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ. «Եթե մենք ենթադրենք, որ սա նշանակում է բացարձակորեն անվերապահորեն համաձայնություն անգամ արմատական ընդդիմության կողմից, ես կարծում եմ էդպես ոչ մի օրենք ոչ մի երկրում կարող է չընդունվել», ասում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հայ Ազգային կոնգրեսը եւ քաղաքացիական հասարակությունն, իհարկե, պետք է լինեն Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացի մաս: Սակայն փաստն այն է, որ նրանք չկան այս գործընթացում: Դավիթ Հարությունյանը ցավում է. «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակի մեր աշխատանքը»: Անկախ ՀԱԿ-ի հետ լեզու գտնելուց, Ընտրական օրենսգիրքը մինչեւ հունիսի 1-ը պետք է ընդունվի: Բայց Եվրամիությունը պահանջում է արմատական ընդդիմության մասնակցություն գործընթացներին. «Մենք փորձ ենք անելու անգամ հիմա մեկ անգամ եւս վերսկսել մեր աշխատանքները. Այս պահին պայմանավորվածությունը պետաիրավական հանձնաժողովի շրջանակներում է»: Պարոն Հարությունյանը նկատում է, որ իշխանությունը բաց է անգամ ընտրացուցակները բացելու մասով քննարկումները շարունակելու համար. «Մենք ընդամենը մի արգելք ունենք՝ մենք ասում ենք այն ինչ ասում է Վենետիկի հանձնաժողովը, որ ստորագրված ցուցակները չպետք է հրապարակվեն»: Կառավարության ներկայացուցիչը համաձայն է, որ Վենետիկի հանձնաժողովի պնդումն ընդամենը կարծիք է եւ պարտադիր չէ կատարման համար. «Բայց ինչու՞ հաշվի չառնել այդ կարծիքը»,- ասում է պարոն Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը դեռ սպասում է որեւէ լուրջ հիմնավորման ընտրացուցակների հրապարակման օգտին: Ինքն անպայման դա հաշվի կառնի: