Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր քաղաքացիներին ՌԴ ոստիկանները ռեկետի են ենթարկում»

Քաղաքականություն
Lyudmila-nkar

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Ազգային ժողովում բարձրաձայնեց ՌԴ մեկնող մեր քաղաքացիներին առնչվող մի խնդրի մասին. «Հայկական, ինչպես նաև ՌԴ-ից գնված և Հայաստան տեղափոխվող տրանզիտային համարանիշներով մեքենաներով երթևեկող քաղաքացիները ՌԴ տարածքում ռեկետի են ենթարկվում Ռուսաստանի ոստիկանության կողմից։ Քաղաքացիների ռեկետի չափը տատանվում է 400-1000 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ կախված մեքենայի շքեղությունից։ Եթե ինքնաթիռով 4 հոգանոց ընտանիքը մեկնելու համար պետք է ծախսի 800 դոլար, ապա մեքենայով ծախսում է շուրջ 300 դոլար։ Սակայն հայտնվելով անելանելի իրավիճակում՝ մեր համաքաղաքացիները ստիպված են լինում վերջին կոպեկը տալ և հասնել Հայաստան։ Արդյո՞ք տեղյակ է կառավարությունն ապօրինության այս ճչացող փաստի մասին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել»։ Հարցին պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարարը. «Լարսում, օրինակ, շատ երկար ժամանակ մեր մեքենաները ունեցել են խնդիրներ և դա ոչ Վրաստանի կողմից։ Այդ խնդիրներով հանձնաժողով կազմվեց և մեկնեցինք Լարս։ Ռուսաստանի կողմից նաև հանձնարարություն էր իջեցվել, որպեսզի իրենց համապատասխան գերատեսչության ղեկավարները լինեին Լարսում։ Հիմա մեր մեքենաների համար Լարսում առանձին, 4-րդ գիծ է տրամադրվել, որոնց համար կանաչ լույս է միայն և այս կողմից դեպի Ռուսաստան, և այնտեղից այստեղ»,-նշեց Գագիկ Բեգլարյանը։ Նա խնդրեց պատգամավորին կոնկրետ նամակով և փաստերով ներկայանալ, որպեսզի հնարավորության դեպքում լուծում տան։ «Հարցը շատ կոնկրետ էր։  Փաստորեն, դուք տեղյակ չեք նման ապօրինություններին։ Մոսկվայում ունենք նստած մարդ՝ նախկին վարչապետը, կարելի է դիմել նրա միջամտությանը»,-հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը։ «Ես ուզում եմ կոնկրետ փաստեր, այսինքն՝ Պողոսյան Վալոդին այսինչ մեքենայով, այսինչ ժամին, այսինչ տեղն անհանգստացրել են»,-ասաց պարոն Բեգլարյանը։