Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հ. Նաղդալյանի պաշտոնավարումը հակասում է Արցախի և համայն հայության շահերին»

Քաղաքականություն
hermine1

«Ազգային վերածնունդ»  կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը 2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ: Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին: «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ»   խմբակցությունը:   «Ազգային վերածնունդ»  կուսակցություն Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016թ.