Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները պայթյունի վերաբերյալ պաշտոնական վարկած են պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

ԱԺ նիստի սկզբում այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկու հայտարարությամբ հանդես եկավ. «Երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւան Հալաբյան փողոցում: Ավտոբուսի պայթյունի հետեւանքով երկու քաղաքացի է զոհվել, ցավակցում ենք նրանց հարազատներին եւ առողջություն մաղթում վիրավորներին: Խոսել եմ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երկու երիտասարդի վիճակը կայունանում է. գիշերը մեկի առողջությունն արդեն կայուն էր, առավոտյան էլ երկրորդի վիճակն է կայուն: Բոլոր վիրավորների մոտ դրական դինամիկա կա: Ուժային կառույցների հետ կապի մեջ ենք ու անհրաժեշտության դեպքում տեղեկություն կհայտնենք»: Ինչ վերաբերում է շփման գծին, ապա ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ կրկին լարված է եղել. «Թշնամին նենգորեն խախտել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հրետանու բոլոր միջոցներով ռմբակոծել է: Ունենք երկու զոհ: Զրուցել ենք ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ԼՂՀ բանակը լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին: Եթե կլինեն նորություններ, ՀՀ ԱԺ նախագահությունը պարբերաբար տեղեկություն կհայտնի ձեզ»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի խոսքերին. «Ավտոբուսի պայթյունի մասին դժբախտ պատահար եք ասում: Ես չգիտեմ՝ ինչ տեղեկության եք տիրապետում, սակայն տասներկու ժամ է անցել, ու մտահոգված եմ, որ իրավապահ մարմինները որեւէ պաշտոնական վարկած չեն հայտնել: Վստահելիության աստիճանի խնդրի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել. սոցիալական ցանցերի գրառումներից ենք տեղեկանում  իրավիճակի մասին, իսկ պաշտոնական մարմիններն էլ հետեւից հաստատելով գալիս են»: «Դժբախտություն էր, ոչ թե դժբախտ պատահար, պարոն Փաշինյան: Բոլոր ուժային կառույցների պաշտոնյաները օպերատիվ կերպով տեղում աշխատել են ու տեղեկացրել են իրավիճակի մասին: Սա նուրբ հարց է: Երբ կլինի ամբողջական ինֆորմացիա ու հստակություն, կտեղեկացնենք»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով. «Ես չեմ ասում՝ պաշտոնյաներն այնտեղ չեն եղել, այլ ասելիքս այն էր, որ տասներկու ժամը բավարար էր, որ որոշակի պաշտոնական նախնական վարկածներ ու տեղեկություններ լինեին, որ բամբասանքները երկրաչափական պրոգրեսիայով չտարածվեին»: ԱԺ մյուս փոխխոսնակը հանդարտության կոչ արեց. «Բոլորս էլ նույն սրտացավությունն ունենք»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նկատեց. «Ինչու՞ պիտի մենք տեղեկություններ ստանանք ռուսական աղբյուրներից: Ի՞նչ վարկածի ու ահաբեկչության մասին են նրանք գրում, ինչո՞ւ պատկան մարմինները հստակ, սպառիչ տեղեկություն չեն տալիս մեզ»: «Տիկին Զոհրաբյան, ես հասկանում եմ, որ դուք՝ որպես նախկին լրագրող, մամուլին եք հետեւում, սակայն կոչ եմ անում պաշտոնական հղումներին հետեւել եւ ավելորդ զգացմունքներ չանենք դահլիճում»,- ասաց ԱԺ փոխնախագահը: ԱԺ-ն պետք է քվեարկեր «Հրազդան ցեմենտ» գործարանին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը: Այս նախագիծը աղմկահարույց է, ու պատգամավորների մեծամասնությունը դեմ է: ՕԵԿ-ը հայտարարեց, որ մինչ քվեարկությունը, քսան րոպե ընդմիջում է պահանջում: Պահանջը բավարարվեց: