«Ոստիկանապետի պահվածքը ցինիկություն է» (տեսանյութ)
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը երեկվանից դարձել է քննարկումների թեմա: Ծիծեռնակաբերդում ոստիկանապետը վրդովվեց լրագրողի հարցից, որ հասարակությունը չի տեսնում ոստիկանության բարեփոխումները, ինչին արձագանքեց այսպես. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ոստիկանապետի այս պահվածքը մեկ բառով է բնութագրում՝ ցինիկություն: «Նրա մեջ կին չի տեսնում, իսկ ես ձեր մեջ մարդ չեմ տեսնում»,-ասաց իրավապաշտպանը։ Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման մասնակիցները զարմանում են՝ ինչու ոստիկանապետը չի սիրում լրագրողներին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այս համատեքստում շեշտեց. «Ինքն արդեն էլ չի էլ կարողանում իր մտքերը կառուցել, երբ որ լրագրող է տեսնում, ուղղակի ատելությունն աչքերից և դեմքից թափվում է և իր համար ուղղակի կարևոր է վիրավորել լրագրողին, ընդ որում ոչ միայն հարց տվող լրագրողին, այլև առհասարակ հավաքված լրագրողներին»: Իսկ «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ իր հերթին հավելեց. «Երբ ոստիկանապետը մասնագիտական պրոֆեսիոնալ հարթությունը լքում է և անցնում է այլ հարթության մեջ՝ զուտ անձնական վիրավորանքներ հասցնելու մեխանիզմի շահագործմանը, դա ևս վկայում է, որ պրոֆեսիոնալ կարողություն ոստիականությունը, միանշանակ, չի բանեցնում»: Միաժամանակ ոստիկանապետը հորդորում էր լրագրողներին բարեփոխվել, քանզի, նրա բառերով՝ նրանք շատ հին են մնացել և արդեն դեղնում են ու գունափաթվում: «Իրեն թվում է, թե շատ խելոք մտքեր է արտահայտում կամ եթե լրագրողին ասում է, որ ես ձեր մեջ կին չեմ տեսնում, բայց ինչի դու պետք է կին տեսնես,լրագրող է եկել է իր գործն է անում, դու էլ փոխանակ քո գործն անես տարօրինակ և ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում: Շատ նողկալի տպավորություն թողեց այդ ամեն ինչը»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը: «Ինչպիսին ոստիկանապետն է, այնպիսին էլ նրա ղեկավարած կառույցն է»,-շեշտում են բանախոսներն՝ այս համատեքստում մատնանշելով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններն ու բիրտ ուժը: Սա նրանց հիշեցնում է 2015թ-ի հունիսի 23-ի դեպքերը: Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ ոստիկանությունն այնքան է լկտիացել, որ երբ որևէ հավաքի ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչ է տեսնում, ապա համարում է, որ դրանով իսկ իրենց գործունեությունն է խոչընդոտվում: «Հասկանալի է, որ իրենք միշտ աշխատում են այնպես անել, որ այդ իրադարձությունները չլուսաբանվի կամ հնարավորինս քիչ ինֆորմացիա այդտեղից դուրս գա: Սա արդեն գործելաոճ է դարձել, երբ տեսախցիկը տեսնելուց շտատիվից վերցնում են և տալիս են գետնին, ջարդում են: Գիտեն, որ պատիժ չի լինի, ավելին ՝ իրենց ասվել է բոլոր միջոցներով խոչընդոտեք, իրենք էլ ինչ իրենց երևակայությունը թույլ է տվել արել են»,-նշեց պարոն Մելիքյանը: Ավետիք Իշխանյանն էլ այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում՝ նշելով, որ հանուն Արցախի՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնության հրահանգը տրվել է Բաղրամյան 26-ից: Մանրամասները՝ տեսանյութում: