NASA-ն միջազգային մրցույթն անցկացրել է Բյուրականում
NASA-ն՝ ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան, Տիեզերական հավելվածների հինգերորդ միջազգային մրցույթն անցկացրել է Բյուրականի աստղադիտարանում: 2016թ. ապրիլի 22-ից 24-ը կայացած մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր թիմեր, որոնք մշակել և հավելվածային լուծումներ են առաջարկել «Տեխնոլոգիա», «Օդագնացություն», «Տիեզերական կայան», «Արեգակնային համակարգ», «Երկիր մոլորակ», «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմաների շրջանակներում: Վեց թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափել են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տվել հասնելու կարևոր նպատակների. ստեղծելու կիրառական նշանակություն լուծում, տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվելու NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից, ճանաչելի դառնալու՝ նորարարական բաց հարթակում մրցակցությամբ և այլն: Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված մրցույթի հայաստանյան փուլը կայացել է 24 ժամ տևողությամբ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով: Երկու օր շարունակ՝ ապրիլի 22-ից 23-ը թիմերն իրենց նորարարական լուծումները և առաջարկությունները ներկայացրել են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Այդ աշխատանքների հիմքում եղել են ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում կիրառվել են տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է: Կարևոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բյուրականի աստղադիտարանին զգալի աջակցություն է տրամադրել նաև նախկինում: 2007 թվականին ընկերությունն աջակցել է աստղադիտարանի կառավարման համակարգի արդիականացմանն ու վերանորոգմանը: 2,6-մետրանոց դիտակի կառավարման համար ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, վերանորոգվել է նաև Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը: