Գայլերի գումարն ուղղել Արցախ. բնապահպանների ահազանգը (տեսանյութ)
Կառավարության որոշմամբ այս տարի 24 մլն դրամ է տրամադրվելու՝ 200 գայլի ոչնչացման համար։ Սա դժգոհություն է առաջացրել բնապահպանների մոտ. «Ամեն տարի գումար է դուրս գրվում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ գայլերի հարձակումները չեն նվազում։ Այսինքն, այդ գումարները բացարձակ աննպատակ են»,-այսօր նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ Իրենք բազմիցս նամակներ են ուղղել թե վարչապետին, թե Բնապահպանության նախարարությանն՝ այս խնդրով։ «Երբ մենք կարդացինք, որ նորից այս օրհասական պահին 24 մլն դրամ պետք է տանք մի գործի համար, որը բացարձակ առաջընթաց չունի, մենք հասկացանք, որ այդ գումարը ծախսվում է հենց այնպես»,-շեշտեց տիկին Ադամյանը։ «Գայլը շատ խելացի կենդանի է, նա ստիպված է դուրս գալիս իր ապրելու վայրից։ Նշանակում է, որ մենք կամ ոչնչացրել ենք տարածքը, որտեղ նա ապրում է, կամ շինարարության տակ ենք դրել, կամ անտառն ենք ոչնչացրել։ Այսինքն, ոչնչացրել ենք իր ապրելու տարածքը։ Դա բնության պատասխանն է»,-իր հերթին նշեց բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը։ Բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ ընդգծեց, որ մեկ ծառ հատելով՝ հսկայական վնաս է հասցվում կենդանիների միջավայրին։ «Եվ այսպես, բոլոր հնարավոր միջոցներից զրկելով՝ մենք նրանց համար ստեղծում ենք նպաստավոր պայմաններ՝ մոտենալու մարդու միջավայրին։ Այդտեղ կենդանին առանց խոչընդոտի հնարավորություն ունի հարձակվելու մարդու վրա։ Նախարարությունում էլ են խոստովանում, որ անկախությունից հետո որևէ հետազոտություն Հայաստանում չի արվել՝ հասկանալու համար, թե որքան գայլ կա»։ Նա շեշտեց, որ եթե որոշվել է 200 գայլ ոչնչացնել, դա կենդանիների դեպքում հսկայական գլխաքանակ է. «Փաստորեն վերջին 5 տարում 1000 կենդանի է սպանվել և այդ 600-ը, 800-ը կարող էին մեծ թիվ բերել՝ սերնդի առումով»։ Սիլվա Ադամյանն էլ ընդգծեց, որ մի քանի տարի է՝ իրենք ահազանգում են, որպեսզի այդ գումարն ուղղվի գիտական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան լուրջ մոնիթորինգ անցկացնել։ «Մենք իրավիճակին չենք տիրապետում։ Սա նմանվում է քաոսի։ Մենք դիմելու ենք վարչապետին, որպեսզի այդ փողն ուղղվի դեպի Արցախ, դեպի մեր բանակ։ Եթե դա չի ուղղվում հաստատություններին, որոնք պետք է անեն ուսումնասիրություններ, մենք կարծում ենք, որ բացարձակ անարդյունավետ է այս գումարն ուղղել գայլերի որսին»։