Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե առաջարկները ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա չէր մտնի փակուղի» (տեսանյութ)

Քաղաքականություն
nalbandyan-1

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ այցի եւ հանդիպումների ժամանակ որեւէ գաղտնի պայմանավորվածություն չի եղել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով. «Այս բանակցություններին լուրջ վնաս է հասցվել՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ գործողությունների արդյունքում, եւ պետք է համատեղ եռանախագահների հետ, միջազգային հանրության հետ ջանքեր գործադրել, որ այդ հարվածը, որ հասցվել է խաղաղ կարգավորմանը, բանակցություններին, հնարավոր լինի հաղթահարել: Չնայած՝ շատ դժվար է հաղթահարել, քանի որ կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է եւ միջազգային հանրությունը դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել եւ բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա»: Նա վստահեցրեց նաեւ, որ բանակցային որեւէ փաթեթ գոյություն չունի, ու Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում եւ հնարավոր լինի ավելի հարմար, ավելի նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Տարածքների փոխզիջման հարց, նախարարի վստահեցմամբ, չի քննարկվել. «Ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին 5 հայտարարության մեջ, նախագահների մակարդակով՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի հայտնի հայտարարությունները, որոնց հիման վրա ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ կարող է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է: Սա է իրականությունը եւ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»: Արդյոք հակամարտության կարգավորում նշանակո՞ւմ է տարածքների զիջում. «Ա1+»-ի հարցին, Էդվարդ Նալբանդյանը հստակ հայտարարություն արեց. «Կարգավորումն այն է, ինչ որ հայտարարվել էր բազմիցս Սերժ Սարգսյանի կողմից եւ նաեւ արտգործնախարարի կողմից, ինչ-որ նոր բաներ պետք չէ հնարել: Այն առաջարկները, որոնք արվել էին, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա չէր մտնի այս փակուղի եւ չէր գնա այս գործողություններին: Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհներով ինչ-որ լուծումներ գտնել, այդ ճանապարհով էլ ձախողվեց, հիմա ստիպված է լինելու՝ վերադառնալ բանակցությունների սեղան, քանի որ այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակել»: