«Հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում օրենքը կաղում է» (տեսանյութ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 23-ը հռչակվել է որպես գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում հեղինակային իրավունքը ոտնահարվում է գրեթե ամեն ոլորտում. «Առաջին Հանրապետությունից սկսած՝ այս իրավունքի նկատմամբ շատ վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Բարսեղ Կանաչյանի ստեղծած մեր այսօրվա հիմնը վկա, որը վերցրել է Գլազունովի «Ռայմոնդայից», ես կարծում եմ: Բայց այնպես չէ, որ 100 տարի առաջ գողանում էին, այսօր չեն գողանում: Այսօր «Բուկինիստ» ընկերությունը Մարկես է գողանում օրը ցերեկով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը հակադարձում է՝ իրենք հեղինակային իրավունքները հարգում են. «Մենք ոչ թե Մարկեսի բնագրից թարգմանությունն ենք տպագրել, այլ Ռուբեն Հովսեփյանի՝ ռուսերենից արված թարգմանությունը: Եվ Ռուբեն Հովսեփյանի հետ ունենք պայմանագիր, որի համար վճարել ենք, այսինքն՝ պաշտպանել ենք բոլոր կարգ ու կանոնը»: Ոլորտի առաջատարները փաստում են՝ հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում օրենքը կաղում է: Այնուամենայնիվ, ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը: Խաչիկ Վարդանյանը նշում է՝ «Իրավապահ մարմիններում կան բաժիններ, որոնք աշխատում են, աշխատավարձ են ստանում հենց դրա համար: Պետք է աշխատեն», իսկ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելում. «Պաշտպանությունը կրթության մեջ է, պաշտպանությունը կարդալու մեջ է, պաշտպանությունը օրենքները իմանալու եւ կիրառելու մեջ է, եւ, իհարկե, յուրաքանչյուր ստեղծագործող, որից գողանում են, հանրության օգնությամբ պիտի դիմի օրենքին: Եթե օրենքը չի բավարարում, ապա հասարակական ճնշումներին, որպեսզի ստեղծվեն օրենքներ, որ այդ մարդիկ պատժվեն»: