Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատարանում կազմակերպված շարունակում են կոծկել թալանը» (տեսանյութ)

Հասարակություն
bnakichner

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր կնքած, բայց առ այսօր նորամուտը չտոնած բնակիչները շարունակում են իրենց պայքարը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները նշեցին, որ դիմել են բոլոր ատյաններին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել: Արուսյակ Վանյանի խոսքով՝  իրենց կազմակերպված թալանել են, եւ այդ կազմակերպված թալանն արդեն շարունակվում է դատարանում. «Եկել ենք այն համոզման, որ սա եղել է կազմակերպված թալան, եւ այժմ դատարանում կազմակերպված շարունակում են կոծկել այս ամենը: Ուզում են հասնել իրենց նպատակին՝ թալանել ժողովրդի վերջին ապրուստը»,-ասաց նա: Ի դեպ, վերջերս բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի առջեւ՝  նամակ հանձնելով Սերժ Սարգսյանին: «Ա1+»-ի հարցին, թե ինչ պատասխան են ստացել նախագահականից, Արուսյակ Վանյանը նշեց. «Արդեն քանի տարի է՝ դիմում ենք թե նախագահին, թե վարչապետին, թե արդարադատության նախարարություն, եւ բոլորից նույն անհիմն պատասխանն ենք ստանում, թե իրենք իրավասու չեն ընդհանրապես միջամտելու: Լավ, եթե ձեր դատական ատյաններում ոչ մի օրենք չի գործում, մեր բոլոր իրավունքները ոտնահարված են, բոլոր հոդվածների կետերը խախտված են, ապա ո՞վ պետք է կարգավորի այս հարցը:  Եթե այդ ատյանները չեն կարողանում որեւէ բան կարգավորել այս երկրում, ապա ի՞նչ են անում իրենք ընդհանրապես»: Խաբված բնակիչները նշեցին, որ շարունակելու են իրենց պայքարը եւ հետեւողական են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Հիշեցնենք՝ «Նորաշեն 2007»-ը կապվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքի հետ։