Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այսինչի համար պետք է գնդակահարել, գնդակահարենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԸՕ նոր նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մի շարք դիտողություններ արեց՝ մասնավորապես նշելով, որ հավելյալ խոչընդոտներ են առաջանում հանձնաժողովի անդամների համար, որոնք այս նոր նախագծով պարտավոր են աշխատել 48 ժամ ու ընտրությունների արդյունքների ամփոփումը բավականին երկար ժամանակ է խլելու: Բացի այդ, անհրաժեշտ բողոքարկման պարագայում ժամկետները, ըստ նրա, սխալ են նշված, քանի որ ըստ նախագծի ստացվում է, որ բողոքարկումը կարող է լինել այն ժամանակ, երբ դեռ արդյունքները ամփոփված չեն լինի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Հովհաննես Մարգարյանի ներկայացրած թվերն ու ժամանակի վերաբերյալ թվաբանությունը սխալ համարեց, սակայն խոստացավ՝ եթե կա տարընթերցում, ապա կուղղեն: Հովհաննես Մարգարյանն այսօր բավականին զայրացած էր: Նրա՝ մասնավորապես ընտրակեղծարարության վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան Դավիթ Հարությունյանը փորձեց նոր մոտեցումներ առաջարկել. «Պարոն Մարգարյան, մի բարկացեք, կքննարկենք, կփորձենք լուծում գտնել, կուզեք ներողություն կխնդրեմ, կուզեք՝ երկու անգամ ներողություն կասեմ՝ ներողություն, ներողություն: Եթե այսինչի համար պետք է գնդակահարել, գնդակահարենք»: Հովհաննես Մարգարյանի բարկությունը չմեղմվեց. նա հայտարարեց, որ նախագծի այս տեսքով անհնարին է ամփոփում անել. «Ո՞նց եք երկու հազար տեղամասի համար 1650 թեկնածուի հաշվելու ու տեղավորվելու նշված ժամանակի մեջ»: Տարընկալումները շարունակվում էին եւ, ի վերջո, փորձեց միջամտել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Ախր, պարոն Մարգարյան, հայերեն խոսա, պարզ ասա»: «Պարոն Մարգարյան, ես իսկապես չեմ հասկանում. ոնց որ ասեք՝ ամեն առավոտ երկրում երեք միլիոն մարդ պիտի նախաճաշի, բայց ամեն մեկն իր համար պիտի նախաճաշի: Եթե ուզում եք՝ ավելի վախենալու թվեր ասեմ՝ մեկ միլիոն պտիչկա պիտի հաշվենք մեկ օրում»,- Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համբերությունը հատեց: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց՝ եթե իրենց առաջարկները գոնե մասնակի ընդգրկված լինեին նախագծի մեջ, ապա այլ քննարկում կլիներ. «Իսկապես դժվար է լինելու երկու հազար քվեարկություն ապահովել ընտրատեղամասում այս մեխանիզմով: Նաեւ ձայների հաշվարկի առումով է դժվար լինելու, քանի որ ժամանակը սահմանափակ է, հնարավորություն չի տալու հաշվելու»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե հունիսի մեկին օրենքը չընդունվի, ի՞նչ է լինելու. «Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ Վենետիկի հանձնաժողովը գիտի՞ մեր քննարկման արդյունքների մասին, թե՞ ոչ: Իսկ մեր հինգ կետերից ոչ մեկը այս նախագծում չի ընդգրկվել, բացի մեկից, այն էլ՝ կիսատ՝ չկա ցուցակների մաքրումը, մատների թանաքոտումը, միայն ռեյտինգային քվեարկությունն է հանվել:  Այդ դեպքում ինչ է ստացվում: Կոմպրոմիսային տարբերակով պիտի անցներ այս նախագիծը, մինչդեռ դա չկա: Հիմա՝ ինչպե՞ս եք պատկերացնում նախագծ քննարկումների շարունակությունը: Մենք՝ որպես զիջում, ներկայացրինք երկրորդ հինգ կետը, որտեղ կային սկզբունքային կետեր՝ ձեր նշած էլեկտրոնային գրանցման տարբերակը, որը մենք մերժում ենք, ու դա մեր կողմից բարի կամքի դրսեւորում եղավ»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ձայների արագ հաշվարկը կախված է սարքերի որակից. «Իսկ եթե հունիսի մեկին չկարողանանք ավարտել ԸՕ քննարկումները, ապա Սահմանադրական ճգնաժամ կլինի, սակայն կարծում ենք, որ ընդունված կլինեն: Դուք եք հրաժարվել լսել՝ ինչ էինք ներկայացնելու Վենետիկի հանձնաժողովին. ՀԱԿ-ը լքել է դահլիճը: Ձեր մոտեցումը հետեւյալն է՝ լավ, հարմար իշխանություն է գտնվել, ու այն, ինչ առաջարկում եք, դա սկզբունքային առաջարկություն է ու պիտի ընդունվի: Սա ձեր քաղաքական նպատակներից ելնելով եք արել, մինչդեռ մենք կառուցողական քննարկումներ էինք ակնկալում»: Արամ Մանուկյանը ներկայացրեց Հրազդանի ՏԻՄ ընտրությունների օրինակը, որտեղ գրանցվեց ընտրողների մասնակցության 62 տոկոս. «Մենք ռեալությունից հեռու ենք գնացել, քանի որ նման մասնակցություն հնարավոր չէ. 26 հազար մարդ չի ապրում Հրազդանում, արտագաղթել են շատերը: Հարցս  քաղաքական է, այլ ոչ բովանդակային՝ ինչպե՞ս եք պատկերացնում 13 քաղաքական ուժի ու ՀԿ-երի առաջակների հետ հետագա աշխատանքը»: Դավիթ Հարությունյանը կոչ արեց. «Քարերը փեշերիցս թափել ու անցնել կոմպրոմիսային քննարկումների: Ես դեմ եմ միայն բաց համամասնական ընտրակարգով քվեարկության համակարգի հանելուն. այս հարցում մենք պատրաստ չենք զիջումների»: