«Ընտրատեղամասից դուրս իշխանություններն օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրս»
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի վերջնական նախագիծը, որը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստին՝ քննարկման: Նա անդրադարձավ 4+4+4 ձեւաչափին՝ նշելով, որ այդ հանդիպումները շատ արդյունավետ էին ու շատ առաջարկություններ, փոփոխություններ եղել են հենց այդ հանդիպումների արդյունքում: Արդեն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լքեց դահլիճը. նրան դուր չեկավ այն, որ նիստը վարող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ըստ իրեն, կամայական մոտեցմամբ սահմանեց հարցեր տալու հերթականությունը՝ առաջին հարց տալու հնարավորությունը տալով ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին: «Ես չհասկացա՝ պարոն Ուրիխանյանը ինչո՞ւ նեղացավ, գնաց»,-զարմացած արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը: «Պարոն Ուրիխանյանի հարցադրման իրավունքը կպահպանենք՝ մինչեւ նա վերադառնա»,- պատասխանեց Հովհաննես Սահակյանը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով Դավիթ Հարությունյանին, նկատեց, որ ընտրատեղամասերի ներսում ամեն ինչ ճիշտ է ընթանում, խնդիրը ընտրատեղամասից դուրս է. «Ընտրատեղամասից դուրս իշխանություններն օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրս, որը անհավասար մրցակցություն է ստեղծելու քաղաքական ուժերի միջեւ: Օրինակ՝ կրթական համակարգում որեւէ բուհի ռեկտորը կարող է լինել ձեր ցուցակում, այլ ոչ ՀԱԿ-ում ու այդպիսով ապահովելով ամենաշատ ձայնը ձեր կուսակցության համար»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նրա դիտողություններն անհիմն են ու ընդգծեց, որ իրենք մերժել են Էդմոն Մարուքյանի առաջարկները: