Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսից թանկացում է սպասվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
tntesakan-nyut-398x265-1

Հայաստանում առաջիկայում ապրանքները կթանկանան միջինը 3%-ով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ գների բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի գնաճի ակնկալիքները կայունանան, ինչը հատկապես կարևոր է ներդրողների համար։ «Կենտրոնական բանկի հիմնավորումները հավասարակշռված են և արտացոլում են այն պատկերը, որ առկա է թե ներքին գնաճային իրավիճակը պայմանավորող հանգամանքներով, և նաև արտաքին այն ազդակներով, որոնք հատկապես պայմանավորում են Հայաստանում գնաճային իրավիճակը»,- ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Մայիս ամսից կբարձրանան Հայաստան ներկրվող բենզինի, ծխախոտի, դիզվառելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության, սպառման ու ներկրման հարկային դրույքաչափերը։ «Ակցիզային հարկի ավելացումը միջին հաշվով 10%-ով կարող է խթանել գնաճը։Դա կարող է գնաճային լրացուցիչ գործոն հանդիսանալ»,- պնդում է տնտեսագետը։ Վերջին երկու տարվա ընթացքում նվազել է նաեւ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների հոսքը, ինչը հանգեցրել է ներքին սպառման ապրանքների ծավալների ու ներդրումների անկման։ Բացի այդ՝ համաշխարհային շուկայում կշարունակվի նավթի գների անկումը, ինչն անհետևանք չի մնա Հայաստանի համար։ «Ըստ էության միտումները շարունակվելու են, դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ հնարավոր է է՛լ ավելի պատկերը վատանա կապված ռուսական ռուբլու հնարավոր անկման հետ, իսկ ռուսական ռուբլու արժեքը շաղկապված է նավթի գներին, սրա հետ մեկտեղ՝ նավթը շարունակելու է էժանանալ»,- նշում է  պարոն Մարգարյանը։ Այնուամենայնիվ, տնտեսագետը պնդում է՝ թանկացումները պետք է շրջանցեն Հայաստանի համար զգայուն պարենամթերքի շուկան։ Համաշխարհային միտումներն այնպիսին են, որ մասսայական սպառման ապրանքների գները իջնում են երկնիշ թվերով։ Ինչը որոշ դեպքերում ազդեցություն չի ունենում Հայաստանում գների վրա։ «Դա նաև կարող է մենաշնորհներով պայմանավորված լինի, ներմուծմամբ, ներքին որոշակի պայմանավորվածություններով, դա կարող է պայմանավորված լինեն կարգավորման որոշակի թերություններով, թուլություններով, հատկապես ՏՄՊՊՀ-ի տիրույթում գտնվող հանգամանքների տեսանկյունից»։ Տնտեսագետի համոզմամբ՝ այսպիսի իրավիճակում կառավարությունը, ինչպես նաև արտադրող ընկերությունները պետք է ջանքեր գործադրեն՝ հնարավոր գնաճի սցենարը կանխատեսելիության տիրույթում պահելու համար։