Ադրբեջանի հարցով համազեկուցող. ԼՂ հակամարտությունը իմ գործը չէ (տեսանյութ)
Ադրբեջանի եւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները խորապես մտահոգված են, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այդ մասին «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախը, որը նաեւ Ադրբեջանի հարցով համազեկուցողն է: Ըստ նրա` պետք է ամեն ինչ արվի, որ պահպանվի հրադադարը, եւ այլեւս որեւէ մեկը իր կյանքը չկորցնի առաջին գծում: Թեեւ այսօր նրա ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովում քննարկվել է ԼՂ հակամարտությունը, այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ իրենց` ԵԽԽՎ-ի պարտականությունների մեջ չի մտնում այդ հակամարտությունը: «Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է»,-ասաց նա` զգուշանալով գնահատական հնչեցնելուց: Ադրբեջանի հարցով համազեկուցող Շտեֆան Շենախը վստահեցնում է, ինքը նույնքան կապ ունի ԼՂ հակամարտության հետ, ինչքան Վրաստանի հարցով զեկուցողը` աբխազականի հետ: Իսկ՝ որպես Ադրբեջանի հարցով համազեկուցող, ինքը պարտավորված է հետաքննել այդ երկրի բանտերը, մամուլը եւ այլն: Ի դեպ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Շտեֆան Շենախը չի կարող ղեկավարել հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, քանի որ նշանակվել է Ադրբեջանի հարցով զեկուցող : Նա մինչ այդ էր նշանակված հանձնաժողովի նախագահ: Ընդհանրապես, պարոն Ռուստամյանը ակնկալիքներ չունի այս հանձնաժողովից: Միակ բանը, որը կարող էր շոշափելի լինել, սա է. «Իր թիմով Կասպշկին օգնի, որ տեսնեն, ով է հրադադարի ռեժիմը խախտում: Եթե այդ անեն, մենք կողջունենք, եթե ոչ, ես նրա տեղը այս գործընթացում չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ այսօր այս հանձնաժողովի նիստում լսել են Հայաստանի եւ Ադրբեջանի երկուական պատգամավորներին: