Մեր պատվիրակության ներկայացրած փաստերը ԵԽԽՎ-ում շոկ են առաջացրել (տեսանյութ)
Մենք այսօր մեկ խնդիր ունենք՝ Ադրբեջանի կողմից կատարվածը պետք է որակվի ռազմական հանցագործություն. «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Պետությունը, որի համալսարանի պաշտոնական էջում տեղադրվում է ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորի նկար, պաշտոնապես ընդունում է, որ ինքը ահաբեկչական պետություն է, որեւէ այլ ձեւակերպում եւ գնահատական չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա այսօր Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամներին ցուցադրել է Կարմիր խաչի կողմից արձանագրված այն նկարները, որոնք էթիկայի նորմերից ելնելով հրապարակման ենթակա չեն: «Ուղղակի շոկ առաջացրեցին նկարները, պատկերները մեր գործընկերների մոտ: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կրկին անգամ տեղից փորձեց բղավել, որ քարտուղարությունը պետք է լիազորի ինչ-որ բաներ ցույց տալու, իրենք էլ կարող են ինչ-որ բաներ ցուցադրել, ես պնդեցի, որ ցուցադրեն, բայց չցուցադրեցին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը հակամարտությամբ զբաղվելու մանդատ չունի եւ միակ դրական գործը, որ այսօր կարող է անել, չխանգարելն է: