ԼՂ հարցը նիստերի դահլիճից տեղափոխվում է նաեւ ԵԽԽՎ կուլիսներ (տեսանյութ)
Եվրախորհրդի խորհրդարանական ապրիլյան Վեհաժողովը ղարաբաղյան հակամարտության եւ ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կարծիքների բախման պակաս չունեցավ: Ադրբեջանական պատվիրակությունը հիշեց, որ մինչեւ ապրիլի 1-ը Ադրբեջանին ոչինչ եւ ոչ ոք չէր խանգարում լինել դեմոկրատական երկիր, ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաեւան պետք է ասի, որ ավելի քան 20 տարի է Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքները եւ սա վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Եվրոպայի համար՝ Եվրոպան ինչ-որ բան պետք է անի։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը տրամադրված չէր երկար խոսելու. ի պատասխան ասաց՝ դադարեք կրակել։ Ֆրանսիացիներն ընդհանրապես շատ ասելիք ունեին ադրբեջանցիներին։ Ֆրանսուա Ռոշբլուանը նկատում է, որ Ալիեւի զինվորները գազաններ գտնվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ, մինչդեռ նրանց հետ պետք է հաշվի նստել։ Ղարաբաղյան հակամարտության թեման նիստերի դահլիճից տեղափոխվում է նաեւ ԵԽԽՎ կուլիսներ։ Նախագահ Պեդրո Ագրամունտն այսօր իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ եւ նրանց ասել, որ առանց կողմերի միջեւ երկխոսության խաղաղություն չի լինի։ Հերմինե Նաղդալյանը չի մոռացել, թե ով է երկխոսության մասին խոսողը՝ մարդ, որը պատերազմի օրերին արտահայտվեց հօգուտ Ադրբեջանի։ Ի դեպ տիկին Նաղդալյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ի կեցվածքը որոշակիորեն հոգնեցրել է հենց այս կառույցի անդամներին, քանի որ, ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, եվրոպական վեհաժողովը շատ է հեռացել իր մանդատից։ Խորհրդարանական վեհաժողովի անդամների մեծ մասն, ըստ տիկին Նաղդալյանի, հասկանում է, որ ինքը հակամարտության վրա ազդելու գործիք չունի։