Կոնգրեսականը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար դիմել է Բ. Օբամային (տեսանյութ)
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Պարոն Նախագահ», ասված է նամակում, «2ՕՕ9 թվականին նախագահությունը ստանձնելուց մեկ տարի անց Դուք ստացաք Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Եվ այդ նույն օրը Դուք խոսեցիք մարդու հիմնարար սկզբունքների մասին։ Ձեր վարած արտաքին քաղաքականության մեջ Դուք շեշտել եք աշխարհում էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ազատությունների կարեւորությունը, ընդարձակել բռնություններից խույս տվող փախստականներին հատկացվող օգնության ծավալները։ Դուք եք հիմնադրել Բռնությունները կանխարգելող խորհուրդը՝ նպատակ ունենալով համակարգել ու հետեւել զանգվածային բռնություններն ու ցեղասպանությունները կանխարգելող ջանքերը։ Մի քանի օրից Դուք կունենաք Ձեր ժառանգությունը հարստացնելու մեկ այլ հնարավորություն»։ Այնուհետեւ, ներկայացնելով Օսմանյան Կայսրությունում 1Օ15-1923 թվականների ընթացքում մեկ ու կես միլիոն հայերի ջարդի ենթարկելու պատմությունը, կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է, որ այս ամենի մասին Օբաման լավ տեղյակ է, որը նրա խոսքերով, որպես ԱՄՆ-ի սենատոր, բազմիցս է հանդիպել Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ։ «Պարոն Նախագահ, նրանց ու նրանց ժառանգների համար ՝՝ցեղասպանություն՛՛ բառը խորհրդավոր իմաստ ունի, որը նշանակում է, որ աշխարհը չի մոռացել ու չի մոռանալու։ Մյուս կողմից, Ցեղասպանության հերքումը պղծություն է համարվում նրանց կողմից, կրկնակի սպանություն»։ Ադամ Շիֆը հայտարարում է, թե սա վերջին տարին է, որ նախագահի պաշտոնում Օբաման ունի «ցեղասպանություն» բառն արտասանելու հնարավորություն։ «Հայերի դեմ իրականացաված սպանությունները Դուք անվանել եք «զանգվածային բռնություններ՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրից, չնայած շատ ու շատերից ավելի լավ գիտեք, որ Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման քաղաքականությունը «ցեղասպանությունը» եզրը կազմելիս ծառայել է օրինակ Ռաֆայել Լեմկինի համար։ Ես գիտեմ, որ այս տարի նույնպես, բառերի ընտրության ժամանակ նույն անձինք Ձեզ կասեն, զսպել Ձեր բառերը ու կիրառել զսպված բառեր, կասեն, որ դեռ ժամանակը չէ, կամ կասեն, որ Թուրքիան ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի», իր հայտարարության մեջ գրում է Ադամ Շիֆը ու շարունակում. «Պարոն նախագահ, անկախ նրանից, թե ինչ հայտարարությամբ Դուք հանդես կգաք ապրիլի 24-ին, կասկած չկա, որ Թուրքիան կվարվի այնպես, ինչպես վարվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջ ընթացքում, այնպես, ինչպես Թուրքիան շահավետ է համարում իր համար։ Իսկ ահա Եվրոպայի ու աշխարհի մեր դաշնակիցներից շատերը, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը ու շարունակել սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ այն բխում է հենց Թուրքիայի շահերից։ Նույնը տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը»։ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ հայտարարել է նաեւ, թե ինքը ու Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգներ հույս ունեն, որ նախագահը, կիրառելով վերջին հնարավորությունը, Հայոց ցեղասպանությունը կանվանի «ցեղասպանություն»։ «Պարոն Նախագահ, ցավոտ ու դժվարին, բայց կենսական այս հարցն է, որ պիտի ասի, թե ով եք Դուք։ Օգնեք մեզ լինել այն Ամերիկան, որը մենք «պարտավոր» ենք լինել, որն ազատության եւ արժանապատվության փարոսն է եւ որի լույսը լուսավորում է մարդկային մութ պատմությունը եւ բացահայտում ցեղասպանության հանցանքը»: Հարգանքով՝ Ադամ Շիֆֆ