«Դուք իրավունք չունեք մեկուսացած որոշելու՝ այս կամ այն տարածքը հանձնելու» (տեսանյութ)
«Ա1+»-ի ուղիղ եթերում Մեդիա կենտրոնի նախաձեռնած քննարկումն էր՝ ղարաբաղա-ադրբեջանական 4-օրյա պատերազմի ու դրա ռազմաքաղաքական հետևանքների շուրջ։ «Այս պատերազմը սկսեցին ադրբեջանցիները, դա Ալիևի որոշումն էր։ Պարզ է՝ այլ գործոններ էլ աշխատում են. Թուրքիայի շահագրգռվածությունը, նրա բացահայտ աջակցությունը։ Միշտ Ադրբեջանը վերջնագրերի լեզվով է խոսել, Հայաստանն էլ այդ ձևով պատասխանել է։ Իսկ հետո Ադրբեջանը փոխեց այդ վերջնագրի ձևաչափը։ Այդ երկիրը լուրջ սխալներ արեց պատերազմի հրահրման, ռազմական հանցագործությունների կատարման առումով»,-նշեց հյուրերից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին ասաց. «Ամեն ինչ նախապատրաստվում էր՝ այդ գործողությունները սկսելու։ Բայց մենք, իհարկե, չէինք սպասում, որ դա հիմա կսկսվի, հակառակ դեպքում շատ ավելի արդյունավետ կլիներ մեր դիմադրությունը և առաջխաղացումը։ Բնականաբար, կան աշխարհաքաղաքական շահեր. Ռուսաստանի շուրջ փորձում են օղակը սեղմել։ Տարբեր կոնֆլիկտներ են առաջանում Ռուսաստանին մոտ գտնվող երկրներում և դրա արդյունքում ակնկալում են, որ ռուսական կողմն ուշադրության չափն այլևս չի կենտրոնացնի այս տարածաշրջանի վրա։ Եվ դրա նպատակը Ռուսաստանին Կովկասից դուրս մղելն է»։ «Ռուսաստանը որոշակի շահեր ուներ և դրանք կապված են էներգետիկ ռեսուրսների հետ։ Այսինքն, ինքը կկարողանա վերահսկել Ադրբեջանի միջով գնացող էներգետիկ ռեսուրսները»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է՝ Ադրբեջանն իր խնդիրը լուծել չի կարողանալու. այսինքն, վերահսկել նորից Ղարաբաղը։ «Եվ այս 4 օրերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը համախմբվում է գաղափարի շուրջ ու պայքար է տանելու։ Ժողովուրդը գործոն է իրենից ներկայացնում. չեն կարողանալու առանց մեզ կիսել ինչ-որ բան»։ Հայաստանի և ԼՂՀ միջև ռազմական փոխգործակցության պայմանագրի վերաբերյալ էլ ՀԴԿ նախագահ Արամ Զավենի Սարգսյանը նշեց. «Աշխարհը հարց է տալու. հարգելիս, դու ճանաչե՞լ ես Լեռնային Ղարաբաղը, դու ճանաչե՞լ ես, որ Լեռնային Ղարաբաղն անկախ է Ադրբեջանից, դու հայտարարություն չես արել ԱԺ մակարդակով»։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից, խոսելով Թուրքիայի նախագահի ելույթների մասին, որտեղ արծարծվում է ԼՂՀ թեման, նա շեշտեց. «Մեր Արտգործնախարարությունը ծպտուն չհանեց, թե լսեք աշխարհ, ինչ է անում Թուրքիան, երրորդ պետությունն ուզում է մեզ վրա հարձակում իրականացնել»։ Պարոն Սարգսյանն այսօր մասնակցել է Մտավորականների խորհրդի նիստի, որտեղ որոշել են դիմել Սերժ Սարգսյանին՝ ԼՂՀ հիմնահարցի շուրջ բանակցությունների համար փորձագիտական խումբ հավաքելու հարցով։ «Սա համազգային խնդիր է, դուք իրավունք չունեք մեկուսացած որոշելու, թե ինչ պետք է անել։ Ոչ ոք չի կարող որոշում կայացնել՝ այս կամ այն հողը կամ տարածքը հանձնելու»,-շեշտեց նա։