Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլիարդավոր դոլարները որ մտան Հայաստան, ի՞նչ արեցին» (տեսանյութ)

Քաղաքականություն
grisha-sargsyan

Հայկական բանակը զինված է միայն մարտական ոգով: Հայտարարում է Արցախից երեկ վերադարձած, Միլիցիայի հատուկ նշանակության  ջոկատների միության նախագահ Գրիշա Սարգսյանը: «Բացի մարտական բարձր ոգուց,  ոչ մի բանով էլ զինված չէին: Մարտական ոգին հաղթեց: Եթե նույնիսկ չկանգնեցնեին,  4 օրվա ընթացքում մերոնք կանցնեին հակահարձակման  եւ արժանի հարված կտային»,- «Ա1+»-ին ասաց պարոն  Սարգսյանը: Ազատամարտիկին զայրացնում է այն, որ մենք ժամանակակից զինտեխնիկա չունենք եւ դրանում մեղադրում է  իշխանություններին: «Միլիարդավոր դոլարները որ մտան Հայաստան, ի՞նչ արեցին, ուր գնաց: Դրա համար պետք է պատասխան տան իշխանությունները:  Չի կարող անհատը հարուստ լինի պետությունից, Հայաստանում այսօր անհատներն ավելի հարուստ են, քան պետությունը:  Պետություն չկա, պետությունը սեփական կատու էլ չունի այսօր»,- ավելացնում է նա։ Գրիշա Սարգսյանի  խոսքերով, այդ գումարները պետք է վերադարձվի  պետական բյուջե եւ բանակի համար զենք գնվի՝ բանակը վերջին տեխնոլոգիայով զինելու համար. «Մեր երեխաները մեղք են, եւ  հայ ազգը մեղք է»: Ապրիլի 2-ից Միլիցիայի հատուկ  նշանակության ջոկատների վետերանների միության 105 հոգանոց խումբը հերթապահում է Քարվաճառ-Մարտակերտ հատվածում, առաջիկայում նոր խումբ է գնալու: Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ՌԴ որդեգրած քաղաքականությանը՝ Գրիշա Սարգսյանը նշում է.  Հայաստանը պետք է դուրս գա բոլոր ֆորմատներից. « Վերջիվերջո այս ազգը պետք է խելքի գա՞, թե չէ: Պետք է մի անգամ ձեռքը սեղանին խփեն՞, թե չէ: Չեմ հասկանում, ինչն է պահում, ինչն է խեղճացնում: Այդպես ռուսը խելքի կգա»,- եզրափակեց Միլիցիայի հատուկ  նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը: