Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնություններ, զզվանք, հայհոյանք. 2016-ը՝ ԶԼՄ-ների համար (տեսանյութ)

Հասարակություն
camera

Թեև 2016 թվականի առաջին երեք ամիսներին լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածն անբարենպաստ է եղել նրանց գործունեության համար։ Այս մասին փաստում են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ուսումնասիրությունները։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվել են բազմաթիվ խոչընդոտների ու բարդությունների։ Արձանագրվել է լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 20 դեպք, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք»,- ասում է լրագրողական կազմակերպության  նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճ է գրանցվել, մասնավորապես, տարատեսակ ճնշումների դեպքեր մասով՝ 6-ով ավելի, տեղեկատվության տարածման խոչընդոտման դեպքեր՝ 3-ով։ Դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների իրավունքների զանգվածային խախտումների համար։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին» հաջողվել է ճշտել, որ բռնության ենթարկված ԶԼՄ 21 աշխատակից է հարցաքննվել այս գործի շրջանակներում, 20 հոգի տուժող է ճանաչվել։ Պարոն Մելիքյանի համար զարմանալի է հանգամանքը, որ ինչպես ոստիկաններից, այնպես էլ քաղաքացիական հագուստով անձանցից դեռևս որևէ մեկը գործում որպես մեղադրյալ չի ներգրավվել։ 2016-ի առաջին եռամսյակում հարթ չեն ընթացել նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների հարաբերությունները։ Վերջիններս մշտապես եղել են նրանց թիրախում, մեկ դեպքում Ազգային անվտանգության ղեկավար Գորիկ Հակոբյանն է իր զզվանքն արտահայտել լրագրողների նկատմամբ, մեկ այլ դեպքում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն է հայհոյել ու սպառնալիքներ տեղացել լրագրողի հասցեին։ Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ