Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մեր տեխնոլոգիաները լավ աշխատեին, այդքան զոհ չէինք տա». գիտնական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
zenq

Ինչու՞ Հայաստանը զենք չի արտադրում։ Ըստ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանի՝ փող չկա. «Լավագույնը, ինչ արվում է մեր ջանքերով,  զենքի վերանորոգումն է եւ արդիականացումը: Համապատասխան արդիականացում անցնելուց հետո դրանք բարձրացնում են իրենց ռազմական պոտենցիալը»,- ասում է նա: Մասնագետի խոսքով՝ պետությունը  հասկանում է գիտության կարեւորությունը ռազմաարդյունաբերական ոլորտում, նույնիսկ համապատասխան օրենք է ընդունել նախորդ տարի, սակայն նորագույն զենքի դեմ պայքարի հարցը մնում է դեռ չլուծված. «Պայքարը անօդաչու թռչող սարքերի դեմ՝ խնդիր է ամբողջ աշխարհի համար, ոչ թե միայն մեզ: Եվ այստեղ, իհարկե, գիտական կողմը բավականին մեծ է, որովհետեւ մինչ օրս դրանց դեմ 100 տոկոս արդյունավետությամբ զենք չի ստեղծվել»: ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն էլ վստահ է, որ գիտությունը կարող է կյանքեր փրկել. «Եթե մեր տեխնոլոգիաները լավ աշխատեին, այդքան զոհ չէինք տա: Պետք է նախօրոք ամեն ինչը զգուշացվեր, մենք կարողանայինք ճիշտ պահին տեսնել՝ ինչ է կատարվում, զգուշացվեր համապատասխան վտանգի մասին եւ այլն»,-անդրադառնալով ապրիլյան չորսօրյա պատերազմին՝ ասաց նա: Սահակյանի խոսքով՝ Հայաստանն այսօր նորագույն տեխնոլոգիաներ չի արտադրում, փոխարենը մեր մասնագետները աշխատում են արտերկրի համար։ Պատճառը նույնն է՝ փող չկա։ «Ամբողջ գիտությունը պետք է ֆինանսավորվի այնպես, որ տարբեր ոլորտները միասին կարողանան մի նոր տեխնոլոգիա ստանալ: Պետք է աշխատեն եւ’ մաթեմատիկոսները, եւ’ ֆիզիկոսները, եւ’ կենսաբանները, ե’ւ քիմիկոսները, եւ’ ինֆորմատիկները, բոլորը միասին պետք է աշխատեն, որ կարողանան նոր տեխնոլոգիաներ ստեղծել: Եթե դա չարվի, մենք միշտ էլ պետք է ուրիշներից գնենք զինտեխնիկան»։