Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը միակն է ու վայրենին. ինչ է կատարվում մաքսակետերում (տեսանյութ)

Տնտեսություն
037f7bfcf18a67117a1d8875af2f7928

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող Վերահսկիչ պալատի՝ 2015թ. հաշվետվության ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ՎՊ պետի տեղակալ Արա Նռանյանին՝  նշելով. «Մանր-մունր բաներ եք ներկայացնում, նման տպավորություն է ստեղծվում: Հսկայական գումարներ ուղղակի կորում են: Ես ուզում եմ խոսել Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին: Այդ ծրագրի իրականացման համար տրամադրվել է արդեն մեկ մլրդ ԱՄՆ դոլարի վարկ, Երեւանի շրջանցման համար էլ՝ մի քանի միլիոն դոլար: Հիմա պատրաստի են այս ճանապարհի այն հատվածները, որոնք նախկինում էլ վատ չեն եղել: Ի՞նչ է այնտեղ կատարվում ընդհանրապես: Հինգ հարյուր միլիոն ԱՄՆ դոլարով դա վերից վար պիտի կառուցվեր, սակայն արդեն միլիարդի է հասնում գումարը: Մեզ շտապ պետք է հասկանալ՝ ի՞նչ է այդտեղ կատարվում»: Նրա հաջորդ հարցը վերաբերում էր մաքսային ծառայություններին. «Ուսումնասիրելով մյուս երկրների փորձը՝ հասկացել ենք, որ ՀՀ-ն միակն է ու վայրենին, որ ինչ ապրանք բերում ես, մաքսային ծառայությունում ասում են՝ այդ ապրանքի գինը սա է ու կապ չունի, թե ինչ արժե քո ապրանքը: Պետք է ճիշտ դատողություն կազմել մաքսային ծառայությունների իրական գների մասին եւ այստեղ, կարծում եմ, ՎՊ-ն անելիք ունի»: Պարոն Բագրատյանն անդրադարձավ նաեւ էներգետիկ դաշտին. «Սակագները ՀԾԿՀ-ն է սահմանում: Ուզում եմ ասել, որ ապշեցուցիչ տարբերություններ կան մյուս երկրների հետ համեմատությամբ: Դուք իրավասո՞ւ եք ստուգելու՝ հանձնաժողովն ինչպե՞ս է այդ գները կազմում»: Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր բանկերին. «Բանկերն անշարժ գույքն էժան վերցնում են որպես գրավ: Այդ պայմաններում անիմաստ է շինարարություն անելը, դրա համար այն կանգ է առել: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մեթոդաբանությամբ են բանկերը գրավ վերցնում: Երբ ընդդիմությունը դիտողություն է անում, մեզ հաշվի չեն առնում»: Արա Նռանյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ ՎՊ-ն 2018թ. ինքն է կազմելու իր ծրագիրը եւ որոշելու, թե որ ոլորտներում է ուսումնասիրություն կատարելու. «Այդ ժամանակ կարող ենք անդրադառնալ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածին: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա ՎՊ դիրքորոշումը միանշանակ է՝ բանկային համակարգը հաշվեքննության պետք է ենթարկվի: Այո, մենք այդ խնդիրներով պետք է զբաղվենք»: Մինչ Հրանտ Բագրատյանն իր վրդովմունքն էր հայտնում Արա Նռանյանի պատասխանի վերաբերյալ, որ Հյուսիս-հարավ ճանապարհին հիմա չեն կարող անդրադառնալ, ՎՊ պետի տեղակալին օգնության հասավ նրա կուսակից, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աղվան Վարդանյանը: Հրանտ Բագրատյանին սա դուր չեկավ. «Ես չեմ ուզում ձեզ պատասխանել, պարոն Վարդանյան, դա ձեր գործը չէ, ի՞նչ է եղել ձեզ հետ, մի միջամտի»: