«Հազիվ շարժվող պապիկը դաս է տալիս մահացածներին». ԱԺ-ում թեժ է
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ կանցնեին բուն օրակարգին, հանձնաժողովում թեժ վիճաբանություն ծավալվեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Պատճառը Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի մշակման աշխատանքներում ընդդիմության չներգրավելն էր: «Սահմանադրության ընդունման ժամանակ ասվում էր, թե ընդդիմության օրենքն է: Ընդդիմությունն ի՞նչ մասնակցություն է ունենալո: Մենք չենք մասնակցում ոչ թե, որ չենք ցանկանում, այլ ուժեր, ռեսուրս չունենք: Դուք էնպես եք արել, որ 85%-ը դիմություն է»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Նա պահանջեց ժամանակ տալ և հնարավորություն ստեղծել, որ ինքն էլ մասնակցի օրենքի մշակմանը և ափալ-թափալ բաներ չանեն: Գագիկ Մինասյանը նշեց, որ դեռ ժամանակ կա, որ իրավական գնահատական տան օրենքին, հետո այն կուղարկեն փորձաքննության, կլինեն խորհրդարանական լսումներ և այս ամենը պետք է հասցնել այս նստաշրջանի ընթացքում. «Բոլոր դիտարկումների հետ համաձայն եմ, բացի ափալ-թափալ բառերից»: «Ափալ-թափալ բառերը հայերեն բառեր են: Ես պահանջում եմ, որ հանդիպումների ժամանակացույցն ուղարկեք ինձ, ինչպես նաև՝ ուղարկեք անխտիր բոլոր թղթերը: Կարող է` ես գիշերն եմ կարդում, ձեր ի՞նչ գործն է, պարտավոր եք ուղակել»,- հակադարձեց Հրանտ Բագրատյանը: Գագիկ Մինասյանը խոստացավ ուղարկել փաստաթղթերը` նկատելով, թե տանը նստած կարդացողի կարգավիճակը մի քիչ այլ է, քան ԱԺ-ում քննարկումներին մասնակցողի և առաջարկներ անողի: «Գալիս եմ, թե չեմ գալիս, եղբա´յր, բարի´ եղեք, ուղարկեք»,- վրդովվեց Հ.Բագրատյանը` խոստանալով ամենաշատ առաջարկները ներկայացնել: Արդեն անցնելով բուն օրակարգին՝ հանձնաժողովը սկսեց քննարկել Վերահսկիչ պալատի՝ 2015թ. հաշվետվությունը: Այն ներկայացրեց ՎՊ պետի տեղակալ Արա Նռանյանը: Ներկայացնելով մի քանի խնդիրներ, նա նշեց, որ համայնքներից մեկում բացահայտել են, որ մի ընտանիք, որ ստանում է նպաստ, ապրում է քաղաքի լավ առանձնատներից մեկում. «Մինչդեռ կան կարիքավոր ընտանիքներ, որոնք նպաստառու չեն, քանի որ նրանց բալերը դրա համար չեն բավարարել»: Պարոն Նռանյանը մի զավեշտալի դեպք էլ պատմեց. «Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ, օրինակ, նույն պապիկը, որ հազիվ է տեղաշարժվում, մի քանի տեղ հասցնում, դասախոսություն է կարդում, իսկ նրա դասախոսության լսարանի ցանկերում, պարզվում է, կամ նույն մարդիկ են, կամ մահացածների անուններ»: