Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4-օրյա պատերազմը կազդի տնտեսական աճի վրա (տեսանյութ)

Տնտեսություն
tntesaget-nkarrr

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմը բացասական ազդակներ ուղղեց նաև տնտեսությանը։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը չի շտապում գնահատական տալ, թե որքան կարող է լինել վնասի չափը և հատկապես, որ ոլորտների վրա կանդրադառնա։ Սակայն մի բան ակնհայտ է. «Տարեսկզբին 2,5 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսել, որը քիչ հավանական է դառնում։ Բայց, եթե մեր կառավարությունը հստակ քայլեր կատարի, կարող ենք այդ բացասական միտումը չեզոքացնել»,-նշեց նա։ Այս պարագայում տնտեսագետը կարևորում է սփյուռքի գործոնի օգտագործումը։ «Կարևոր է նաև արտահանման խթանումը, իսկ դրա համար մեր արտադրանքը պետք է մրցունակ լինի»։ Ստեղծված իրավիճակը կազդի նաև զբոսաշրջության վրա։ Այս պարագայում նա կարևոր է համարում, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվի ներքին անձնագրերով այցելել Հայաստան։ Սա տուրիզմի խթանման ուղղությամբ լուրջ քայլ կլինի, հատկապես՝ ներկա պահին։ Խոսելով պատերազմը հրահրած Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին, պարոն Խաչատրյանը նշեց, որ այդ երկիրը 95 տոկոս հումք է արտահանում։ «Դրա մեծ մասը նավթն է։ Իսկ նավթի գներն աշխարհում նվազել են և սրանից պարզ է, թե ինչ ծանր տնտեսական վիճակում է Ադրբեջանը։ Այդ երկրում նաև պարտքի ծավալն է մեծանում՝ թե բնակչության, թե բիզնեսի դեպքում»։ Եվ այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ունեցել է աջակիցներ. «Եթե Թուրքիայի օժանդակությունը չլինի, Ադրբեջանը միայնակ ի վիճակի չի երկարատև ռազմական գործողություններ իրականացնել և մարսել»,-շեշտեց տնտեսագետը։