Ընտրակաշառքի փաստն այս անգամ ապացուցված է. Դ. Իոաննիսյան (տեսանյութ)
Ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը մոտ 2 հազար ձայնով պարտվեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանին: «Մենք լավագույն կերպով կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, հրազդանցիներին տված խոստումն ու պահել ենք նրանց ձայնը։ Սասուն Միքայելյանին տրված ոչ մի քվե չի կորել»,- այս մասին այսօր ասաց կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը։ Հարցին, թե ընդհանուր առմամբ, ընտրություններն արդա՞ր են անցել, վերջինս նշեց. «Արամ Դանիելյանն արդար չի ընտրվել, մեր մրցակիցը կաշառք է բաժանել։ Դա ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»։ Իսկ ընտրության արդյունքները չեն բողոքարկել, քանի որ ընտրատեղամասերում իրենք կարողացել են ապահովել ընտրողի գաղտնի քվեարկելու իրավունքը: Իսկ միջադեպին, երբ ոտնձգություն է կատարվել Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչների նկատմամբ, Լենա Նազարյանն արձագանքեց. «Այո, դրանք եղել են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թիմակիցները։ Բայց նրանք չէին սպասում, որ տվյալ հաստատության ներսում, որի դիմաց սկսել են վիճաբանել, այդքան մեծ թվով մարդիկ կլինեն։ Մեր շտաբի անդամները կարողացել են հեռացնել նրանց այդտեղից»։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը Հրազդանում համակարգել է դիտորդների գործունեությունը։ Նա շեշտեց, որ նախկին ընտրություններում արձանագրված խախտումները շարունակվել են նաև այս անգամ։ «Դիտորդները փորձել են ստորագրված ցուցակներին ծանոթանալ, կրկին խոչընդոտներ են ստեղծվել նրանց համար։ Ընտրակաշառքի մասին ահազանգեր եղել են, կուտակումներ են եղել ընտրատեղամասերում»,-նշեց նա։ Որպես դիտորդ ընտրությանը հետևած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ արձանագրել է մի շարք խնդիրներ: «Ականատես եղանք քրեորեն պատժելի արարքների: Եղան դեպքեր, երբ դիտորդներին, վստահված անձանց արգելվում էր ծանոթանալ ստորագրված ցուցակներին: Եղան դեպքեր, որ ժամը 20:00-ից հետո լրագրողներին արգելում էին մտնել ընտրատեղամաս։ Խնդիր է նաև այն, որ հանձնաժողովների անդամները չգիտեն օրենքը։ Շատ դեպքերում պարզապես տոտալ անգրագիտություն է։ Հանձնաժողովների նախագահներն էլ տեղյակ չեն օրենքից։ Իսկ դիտորդը պարզապես դիտում է։ Նա կարող է ինչ-որ բանից սխալ եզրահանգում անել, և նրանք չպետք է այդպես խառնվեին իրար և խոչընդոտեին աշխատանքը»,-ասաց նա։ Նա ընդգծեց, որ եղած խախտումների վերաբերյալ ոստիկանությունը պետք է նյութեր նախապատրաստի և ուղարկի ՀՔԾ։ «Հրազդանում ընտրակաշառքի դեպքերը շատ ցայտուն են եղել: Մարդիկ պատմել են, որ իրենց ընտրակաշառք են տվել, ով է տվել և որքան է տվել»: Տեսանյութը՝ ստորև