Ստորագրահավաք եւ հանգանակություն՝ Ազատության հրապարակում
Արդեն 500-ից ավելի ստորագրություն է հավաքվել ի պաշտպանություն մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախման ժամանակ ճակատի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի եւ ընդդեմ ոստիկանության բռնությունների ստորագրահավաքի արդյունքում: Այս մասին «Ա1+»-ին ասաց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Կարինե Տոնոյանը:
Ստորագրահավաքը նպատակ ունի բարձրաձայնել քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից պարբերաբար կիրառվող բռնությունների մասին:
Կարինե Տոնոյանը, սակայն նշում է, հիմա ավելի շատ զբաղվում են հանգանակությամբ՝ զինվորներին օգնելու, աջակցելու համար:
Նախաձեռնության անդամը փաստում է՝ գումար նվիրաբերողներն այդքան էլ ակտիվ չեն:
« Տարբեր տեղեր հանգանակություններ են արվում, մշակութային օջախներում եւ դպրոցներում, թաղապետարաններն են կազմակերպել հանգանակություններ եւ ստացվել է այնպես, որ դարձել է համաժողովրդական: Դա շատ ընդունելի է, շատ հաճելի է, որ այսպես համախմբվեցինք»,- ասաց Կարինե Տոնոյանը:
Նա քաղաքացիներին հավաստիացնում է՝ հանգանակված գումարը իր նպատակին է ծառայելու. «Մենք ստորագրություն ենք թողնում, եթե մի բան ծախսվի, մենք պատասխանատու լինենք»:
