Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ 2-3 ԵՐԵԽԱ ՉԻ ՀԱՃԱԽՈՒՄ ԴՊՐՈՑ

Հասարակություն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Արմավիրի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Երեւանի 15 դպրոցների երեխաներ այսօր ներկայացրեցին «Դպրոց բոլորի համար» խորագիրը կրող իրենց նկարչական աշխատանքները: Ցուցահանդեսի ժամանակ ամփոփվեցին նաեւ նույն խորագիրը կրող շարադրությունների արդյունքները: Նշենք, որ մասնակցած 1000 ստեղծագործություններից ընտրվել էին 54 նկարչական աշխատանքներ եւ 39 շարադրություններ:

Նմանատիպ միջոցառում մեզանում անցկացվում է առաջին անգամ, թեեւ արդեն 4 տարի է` աշխարհի 80-ից ավելի երկիր համախմբվել է «Դեպի կրթություն բոլորի համար» կարգախոսի շուրջ:

Հատուկ առանձնացվեց Հացիկ գյուղի 10-ամյա Վիկտորյայի` թեմայի շուրջ գրված շարադրությունը եւ Տավուշի մարզի դպրոցներից մեկի ներկայացրած նկարչական աշխատանքները: Բոլոր աշխատանքները մեկ միասնական կոչ էին հանուն մատչելի եւ հավասար իրավունքներով կրթություն ստանալու: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Շելդոն Եթը ներկա գտնվող երեխաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ որակյալ կրթություն ստանալու նրանց իրավունքն ամրագրված է «Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայում», որը ստորագրել է նաեւ ՀՀ կառավարությունը:

Նա հարց ուղղեց երեխաներին, թե նրանցից քանիսն են սովորում դպրոցում, եւ ուրախությամբ արձանագրելով, որ նրանք մեծամասնություն են, ասաց. «Դուք երջանիկ մարդիկ եք, քանի որ աշխարհի շատ համայնքներում բազմաթիվ երեխաներ զրկված են այդ հնարավորությունից: Մի կողմից դա միջոցների բացակայության արդյունք է, մյուս կողմից` կրթության կարեւորությունը չգիտակցելու»: Ինչ վերաբերում է Հայաստանին, նա ընդգծեց, որ հայ երեխաների 90%-ը, իր ունեցած տվյալներով, հաճախում են դպրոց, իսկ մյուները` կամ անապահովության, կամ կրթության նկատմամբ այլ արժեքային վերապահումների պատճառով խուսափում են դպրոցից:

Ինչպես նշեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը. «Հայաստանի մարզերում մեր անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ յուրաքանչյուր գյուղից 3-4 երեխա չի հաճախում դպրոց` հիմնականում սոցիալական տարբեր պատճառներով: Իսկ երբ հարցրեցինք, թե նրանց մեջ մտնո՞ւմ են արդյոք հաշմանդամ երեխաներ եւս, պատասխանն ավելին քան սարսափելի էր` ինչ է, նրանք է՞լ են դպրոց գնում»: