Վազգեն Մանուկյան.Հովիկ Աբրահամյանը չպետք է մասնակցեր ԵՏՄ գագաթաժողովին
Քաղաքականության մեջ խռովել՝ լինի դա Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի կամ մեկ այլ պետության պարագայում, պետք չէ, խռովելով ոչ մի բանի չես հասնի. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է մասնակցեր ԵՏՄ վարչապետների գագաթաժողովին:
Ըստ նրա՝ աշխարհը պետք է այդ քայլով հասկանար, որ Հայաստանն իրեն արժանապատիվ է պահում:
- Կարծիքներ կան, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն նախաձեռնում՝ Ռուսաստանին հասկացնելու այլևս զենք չվաճառել: Հակառակը, ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաները, փոխվարչապետ Ռոգոզինը, փսլինք է անվանել նրանց, ովքեր զենքի վաճառքի դեմ խոսում են:
- Ռագոզինին եկեք մոռանանք: Նա շատ խելոք մարդ չէ և բավական պիժոն է: Նա այնքան հետաքրքիր մարդ չէ, որ իր ասածները քննարկենք, հենց իր խոսքերը ցույց են տալիս, որ խելոք չէ: Որոշողն ինքը չէ:Ինչ վերաբերում է դեմ արտահայտվելուն, ասեմ, որ մեր պետությունը պետք է արձագանքեր հենց այն ժամանակ, երբ առաջին վաճառքը տեղի ունեցավ: Մեր հասարակությունն էլ պետք է ցույցեր կազմակերպեր, որ երկրի ղեկավարությունն էլ ասեր, թե նայի՝ ոչ միայն ես եմ գտնում, որ պայմանագրերը խախտվել են, այլև իմ հետևում կանգնած ժողովուրդը:
Հասարակությունն էլ պետք է պայքարի, միայն ժողովրդով չէ: Հետո մեզ երբ մի բան պետք է լինում, դառնում ենք շատ պրագմատիկ, ասում ենք՝ դե լավ, ոչինչ, մենակ թե մի բան պոկենք, ու կորցնում ենք մեր արժանապատվությունը:
Ցանկացած քաղաքականություն, որի հիմնական ուղղորդողը արժանապատվությունը չէ, դատապարտված է ձախողման: Ես նկատում եմ, որ Ռուսաստանի հետ մեր քաղաքականության մեջ, որը վերաբերում է ոչ միայն ներկա վիճակին, այլ սկսում է նախանցած դարից, չկա արժանապատվություն: Իսկ երբ արժանապատվությունը բացակայում է դիմացինն էլ արհամարհական է վերաբերում: Երբ ոչ թե ընկերություն ես անում, այլ քծնում ես, իսկ դիմացինդ ապուշ չէ, հասկանում է:
Ամբողջությամբ` http://www.vazgenmanukyan.am/