«Հաշմանդամների եւ թոշակառուների խնդրով բանակը չպետք է զբաղվի» (տեսանյութ)
Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում, այսօրվա դրությամբ բուժում է ստանում 125 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Գալստյանը: «Նրանցից 45-ն այս պահին գտնվում են Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, մնացածը՝ Պաշտպանության բանակի եւ կայազորային հոսպիտալներում»,-ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 5 հոգի, իսկ հիվանդանոցից դուրս են գրվել 3-ը: «Բոլոր վիրավորների մոտ դրական տեղաշարժ կա»,-նշեց Գալստյանը՝ դժվարանալով ասել, թե վիրավորներից քանիսը ցմահ հաշմանդամություն ձեռք կբերեն: Լրագրողներից մեկի հարցին, թե հոսպիտալից դուրս գրվելուց հետո, արդյոք, նախարարությունը պատրաստվու՞մ է շարունակել հոգալ նրանց բժշկական կարիքները, հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը պատասխանեց. «Բանակի, ԶՈՒ խնդիրը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովումն է, մնացած խնդիրներով պետք է զբաղվեն այն կառույցները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ՝ սոցիալ ապահովման, սոցիալ պաշտպանության եւ այլն: Զինթոշակառուների, զինհաշմանդամների խնդիրները ԶՈՒ-ն հոգում է, որքանով որ կարողանում է հոգալ եւ անում է դա միայն պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Նորից եմ կրկնում՝ զինհաշմանդամների եւ զինթոշակառուների խնդիրներով բանակը չպետք է զբաղվի»: