Ըստ գործի նյութերի՝ Պերմյակովը գործել է միայնակ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը, եւ հրապարակվեցին Պերմյակովի` հայկական եւ ռուսական կողմին նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատավորը Պերմյակովին հարց ուղղեց՝ արդյոք նրա տված ցուցմունքների թարգմանությունների միջեւ տարբերություններ կա՞ն, ինչին Պերմյակովը պատասխանեց՝ ոչ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքերով՝ Պերմյակովի ցուցմունքներից պարզ է դառնում, որ նա զենքը լիցքավորած է մտել Ավետիսյանների տուն՝ մտնելուց առաջ մտածելով, որ առաջին իսկ դիմադրության փորձի ժամանակ կիրառելու է զենքը: «Նա հստակ գիտակցել է՝ ինչու է մտնում եւ ինչ է կատարելու»: Փաստաբանի խոսքերով՝ քրեական գործում չկա որեւէ արտացոլված հանգամանք՝ ենթադրելու համար, որ նա միայնակ չի գործել: Ըստ մեղադրական եզրակացության՝ 19-ամյա Պերմյակովը 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝ վնասելով կենսական լուրջ օրգանները: Սպանդից ողջ մնացած փոքրիկ Սերյոժան ընդամենը 7 օր ապրեց առանց իր հարազատների: Պերմյակովի նախաքննության ընթացքում տրված մյուս ցուցմունքները կհրապարակվեն հաջորդ ուրբաթ օրը: