ԵՏՄ-ից դուրս գալը քննարկելու խնդիր է. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)
Ադրբեջանը փորձում է մեր դաշնակիցներին, տարբեր կազմակերպությունների ուղղորդել այնպիսի քայլերի, որ Հայաստանն այսպես ասած խռոված կեցվածքով միայնակ մնա: Մեր նպատակն է թույլ չտալ դա: Դա ենթադրում է հետևողական աշխատանք բոլոր ուղղություններով: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցին Մոսկվա: «Դրա համար, կարծում եմ, տարվող քաղաքականությունն՝ ուղղված նրան, որ մենք չգտնվենք պաշարված ամրոցի կարգավիճակում, որովհետև դա բխում է հենց մեր հակառակորդի շահերից: Այստեղ խնդիրը հետևյալն էր՝ կամ ընդունել նեղացածի կեցվածքը, այսինքն՝ տապալել նիստը, մյուս տարբերակը կայանում է նրանում, որ այնուամենայնիվ այդ հարթակն օգտագործվեր մեր խոսքը ասելու համար»: ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի մասին Շավարշ Քոչարյանն ասաց, որ քննարկելու խնդիր է. «Պետք է հասկանալ ի՞նչ է դա տալիս մեզ, ի՞նչ ենք շահում դրանից, ի՞նչ ենք կորցնում: Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում և չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ»: Հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի միջամտում, երբ հակառակորդը կրակում է նաեւ ՀՀ սահմաններին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ասել եմ մինչև այս դեպքերը, որ մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, մյուս կողմից` պետք է կարևորենք հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների հետ»: Մանրամասները՝ տեսանյութում