«Բավական է պաշտպանվենք, պետք է նախահարձակ լինել» (տեսանյութ)
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ պետք է վերջ տալ լաց լինել Ադրբեջանի հրահրած քառօրյա պատերազմի եւ մեր ունեցած զոհերի համար: Ռեժիսորի մոտ ապրիլյան այս պատերազմը մի հարց է առաջացրել. «Էդ ո՞նց է, որ էդքան զորքը եկավ, կանգնեց, մենք չիմացանք: Էդ տեխնիկան, տանկերը որ բերեցին, պատկերացնում եք՝ ինչ դղրդոց է եղել: Ու՞ր էր մեր հետախուզությունը»,-նշեց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն օրերս հայտարարել է, որ սահմանին հակառակորդի զորքերի տեղաշարժման մասին իմացել են, Ծատուրյանն արձագանքեց. «Բա որ իմացել են, իրենց էշի տե՞ղ են դրել: Միամիտ, քնած ժամանակ եկել, հարձակվե՞լ են մեզ վրա: Բավական է պաշտպանվենք, զահլա գնաց պաշտպանվելուց: Պետք է նախահարձակ լինել: Հերիք է ստրկամիտ լինենք, մտածենք, թե ինչ կասի միջազգային հանրությունը: Էդ ինչու՞ Ադրբեջանի վեջը չէ: Իսկ Ռուսաստանը, որը մեզ դաշնակից է... գրող ու ցավ է, թե դաշնակից է»: Ծատուրյանի կարծիքով՝ պետք է հզորացնել բանակը՝ Սփյուռքից եկած գումարներն ուղղելով զենք գնելուն, այլ ոչ թե եկեղեցի կառուցելուն: «Բա մեղք չե՞ն էդ երեխաները, որ թնդանոթի միս են դառնում»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում մասշտաբային հարձակում անպայման կլինի Ադրբեջանի կողմից` կապված ապրիլի 24-ի հետ: Հանդիպմանը ներկա երաժիշտ, երգահան Վահան Արծրունին բեկումնային է համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հավելեց, որ Հայաստանի քաղաքականության, քարոզչության սխալն այն է, որ Արցախյան պատերազմը չենք կապում Ցեղասպանության հետ: «Սումգայիթի, Բաքվի դեպքերի շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում»,-ասաց նա: Բանախոսները վերջում նշեցին, որ ոչ մի դեպքում չի կարելի տարածքներ զիջել, քանի որ Ադրբեջանն այդ կերպ ավելի կմոտենա Ղարաբաղին, որը վերցնել էլ հենց նրա նպատակն է: