Է. Մարուքյանը ՌԴ պատվիրակներին ներկայացրեց ռուսական զենքի հետևանքները
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը. Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում՝ նպատակ ունենալով Ձեր ուշադրությունը հրավիրել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և պատերազմ վարելու կանոնների կոպիտ խախտման փաստին՝ կատարված Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլի 1-5-ը: Միաժամանակ սույն հայտարարությունը կոչ է բոլոր կառավարություններին, որոնց թվում է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որ Ադրբեջանի Հանրապետության հետ գտնվում են ռազմական համագործակցության մեջ, լուծելու բոլոր գործող համաձայնագրերը և դադարեցնելու այդ համաձայնագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը: Այս կոչի համար պատճառ է հանդիսանում այն փաստը, որ նշված զենքն ու զինամթերքն օգտագործվում է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների, պատերազմի վարման կանոնների խախտման համար, որոնք ամրագրված են մի շարք վերազգային փաստաթղթերով: Նշված հայտարարությունը մանրամասն հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.
- Միջազգային հանրային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի Հանրապետությունն իրավունք չունի ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Նման քայլ կատարելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի արգելքը:
- Ադրբեջանի Հանրապետության կողմից ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի (4) կետով ամրագրված՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների խախտում է: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի (4) կետին համապատասխան՝ «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»: Ուժի չգործադրման սկզբունքը պարտադիր է Ադրբեջանի համար՝ անկախ նրանից, թե զինված ուժերն օգտագործվում են ճանաչված թե չճանաչված պետության դեմ:
- Զինված ուժերի օգտագործումն իրավաչափ է միայն երկու դեպքերում՝ ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխին համապատասխան (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ), ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան (ինքնապաշտպանություն):
- Այս դրույթներից ոչ մեկը տվյալ իրավիճակում չի կարող կիրառվել Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետությանը ուժի կիրառման թույլտվություն տալու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայության, ինչպես նաև ինքնապաշտպանության իրավունքի կիրառման որևէ հիմքի բացակայության պատճառներով: Ադրբեջանը չունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին հղում կատարելու որևէ հիմք՝ հիմնավորելու համար իր թշնամական գործողությունները, քաղաքացիական անձանց վրա հարձակումները և չտարբերակված գործողության զինատեսակների օգտագործումը, որոնք տեղի են ունեցել 2016թ. ապրիլի 1-5-ը:
- ԼՂՀ զինված ուժերը չեն կատարել Ադրբեջանի Հանրապետության վրա հարձակում: Հենց Ադրբեջանն է հանդիսանում ռազմական գործողությունների նախաձեռնողը, ինչը հաստատվել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մի քանի հայտարարություններով:
- Անգամ եթե Ադրբեջաննի Հանրապետությունը կարծում է, որ կարող է օգտագործել 51-րդ հոդվածն իր գործողություններն արդարացնելու համար, տվյալ դեպքում Ադրբեջանն իրավունք չունի հղում կատարել 51-րդ հոդվածին, քանի որ պետությունները պարտավոր են Անվտանգության խորհրդին հայտնել իքնապաշտպանության իրավունքի իրացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների մասին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ և կարող են իրականացվել մինչ այն պահը, քանի դեռ Անվտանգության խորհուրդը «չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»: Տվյալ դեպքում Անվտանգության խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար՝ 1993թ. որոշումներով, որոնց հիման վրա հակամարտության կարգավորումը հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին:
- Այդպիսով, Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների և Անվտանգության խորհրդի որոշումների կոպիտ խախտումներ են: Ավելին, իր վարքագծով Ադրբեջանը խախտում է ուժի չկիրառման և ուժով չսպառնալու սկզբունքը, որը համարվում է ժամանակակից միջազգային իրավունքի jus cogens սկզբունք:
- Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք՝ ընդդդեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների: Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան՝ կրում է erga omnes պարտավորություն` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ու ժողովրդի պաշտպանության համար օգտագործելու բոլոր անհրաժեշտ միջոցները:
- Ադրբեջանը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լուրջ խախտումներ :
- Ադրբեջանը կատարել է Ժնևի 1949թ. կոնվենցիաներով ամրագրված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից մեկը (որոնց կողմ է հանդիսանում նաև Ադրբեջանի Հանրապետությունը)՝ կատարելով հարձակում քաղաքացիական բնակչության վրա, թույլ տալով անմարդկային վերաբերմունքի ակտեր և քաղաքացիական անձանց սպանություններ, դիակների խոշտանգում, հարձակումներ քաղաքացիական օբյեկտների՝ մասնավորապես դպրոցների վրա՝ կիրառելով չտարբերակված գործողության զինատեսակներ: Ադրբեջանական զինուժը խոշտանգել է գերի ընկած զինվորներին և սպանել նրանց:
- Բոլոր այս խախտումները ճանաչված են որպես Ժնևի 1949թ. կոնվենցիաների լուրջ խախտումներ՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան և որպես այդպիսիք դիտարկվում են որպես մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ:
- միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների խախտմանը,
- ուժի կիրառմանը՝ առանց ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իրավական հիմնավորումների,
- ինչպես պայմանագրային, այնպես էլ սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների խախտմանը: