Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջետային ծախսերը պետք է իրականացվեն խիստ արդյունավետ. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
meliqyan-nkar

«Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ընդդեմ Հայաստանի ու Արցախի մեկ անգամ ևս հիասթափեցրին խաբված ադրբեջանցի ժողովրդին: Ղեկավարությունն էլ համոզվեց, որ կայծակնային պատերազմն ընդդեմ հայերի դատապարտված է տապալման»,- կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Ըստ նրա՝ ի տարբերություն ադրբեջանական կողմում տիրող տրամադրությունների, հայկական կողմում համախմբման մթնոլորտ է, այդպիսին էր վիճակը նաև ճակատում. «Հայրենական պատերազմ էր, որը երբևէ որևէ ժողովուրդ չի պարտվել։ Վերջին օրերի համախմբվածությունը ցույց տվեց, որ վտանգի պահին այն, ինչ տեղի է ունեցել միշտ պատմության ընթացքում, շարունակվում է նույնպես մեր ժամանակներում»։ Պարոն Մելիքյանի գնահատմամբ՝ Արցախի սահմանների նկատմամբ հարձակում գործելուց առաջ Իլհամ Ալիևը սխալ էր հաշվարկել Հայաստանում տիրող տրամադրությունները. «Երբևէ նա չէր մտածում, որ հայ ժողովուրդը նորից կհամախմբվի, վայրկյանների ընթացքում ժողովրդի համար պետությունը դարձավ հայրենիք, հայրենիքի պաշտպանությունը դարձավ սուրբ գործ և բոլորը լծվեցին այդ գործին։ Պատերազմական գործողություններից անմիջապես հետո քաղաքական ուժերը հնչեցրին բազմաթիվ հայտարարություններ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի»,- հավելում է ՀՀԿ-ական պատգամավորը։ Գագիկ Մելիքյանն ընդունում է, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները պետք է հետևություններ անեն, մասնավորապես՝ առկա դրամական միջոցները նպատակային ծախսվեն. «Բյուջետային ծախսերը պետք է իրականացվեն խիստ արդյունավետ, խիստ նպատակային, ուղղված լինեն հիմնականում երկրի պաշտպանության ամրապնդմանը։ Բոլոր այն թերություններ, որ տեղի են ունեցել, ժամանակն է արագ ձևով դրանց լուծում տալ»։