«Պետք չէ նեղանալ Ռուսաստանից». Ալ. Իսկանդարյան (տեսանյութ)
«Այն, ինչին ձգտում են հասնել Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, նման է շտապօգնության՝ բերել իրավիճակը նրան, որպեսզի հնարավորինս դադարեցվի արյունահեղությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը չի ունեցել ռազմական նպատակ: «Նրա նպատակը եղել է քաղաքական՝ իր ներքին լսարանի համար: Ադրբեջանում էյֆորիա է: Իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք կարող են պատերազմել հայերի հետ»,-նշեց նա: Իսկանդարյանը չի բացառում բանակցությունների վերսկսումը՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին նախատեսված չէ: «Ադրբեջանը որեւէ պատճառ չունի, որպեսզի համաձայնվի դրան»,-ասաց նա: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ապա քաղաքագետը դրան նորմալ է նայում եւ գտնում է, որ դրա պատճառով չարժե նեղանալ Ռուսաստանից: «Ոչ ոք ԵՏՄ-ից դուրս չի գա: Ամեն ինչ նույն կերպ կշարունակվի»,-եզրափակեց նա: