«Այս ողբերգական օրերին Սարոյանն ավելի արդիական է». ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
«Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն այս օրերին ավելի հոգեհարազատ են հայ ժողովրդին»,- այս մասին այսօր Ավ․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Ամերիկյան ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում: «Վիլյամ Սարոյանը լավատես էր, հավատում էր բարությանը եւ նրան, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը: Կարծում եմ՝ նրա ստեղծագործությունները հատկապես արդիական են այս օրերի ողբերգական իրադարձությունների ընթացքում»,-նշեց նա: Դեսպանն ընդգծեց, որ Սարոյանը, ծնված լինելով եւ մեծանալով Կալիֆորնիայում, իր սրտում կրում էր հայկական արժեքներ, որոնք մարմնավորված են նրա ստեղծագործություններում: «Դրանք լավ սկզբունքներ եւ արժեքներ են, որոնք մենք բոլորս պետք է հիշենք: Բացի այս, Վիլյամ Սարոյանը մեծ կամուրջ էր Հայաստանի եւ Միացյալ նահանգների ժողովուրդների միջեւ: Ուրախ եմ այստեղ լինելու եւ Սարոյանի «Մարդկային կատակերգության» ընթերցանությանը մասնակցելու համար»,-եզրափակեց նա՝ հրաժարվելով պատասխանել որեւէ այլ հարցի: Ամերիկյան ազգային գրադարանային շաբաթը կշարունակվի մինչեւ ապրիլի 16-ը: