Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զրահաբաճկոն, քնապարկեր եւ թիկնոցներ՝ սահման մեկնած կամավորներին (տեսանյութ)

Հասարակություն
kamavor

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակով պայմանավորված՝ մեր համաքաղաքացիները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ փորձելով օգտակար լինել սահմանում կանգնած զինվորներին, ինչպես նաեւ առաջնագիծ մեկնած կամավորներին: Անվտանգության միջազգգային հատուկ ակադեմիան այս օրերին նախաձեռնել է առաջին անհրաժեշտության իրերի հավաք, որոնք ուղղված են լինելու Արցախ մեկնած կամավորական ջոկատների կարիքները հոգալուն: «Ա1+» -ի հետ զրույցում ակադեմիայի փոխտնօրեն Սարգիս Բազինյանը նշեց, որ սահմանին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իրենց տնօրինությունը եւ դասախոսական անձնակազմից շատերն ուղեորվել են առաջնագիծ: Հայրը՝ Արայիկ Բազինյանը, նույնպես այնտեղ է. «Որպես թիրախ ընտրել ենք կամավորներին՝ փորձելով աջակցել նրանց տեխնիկական պարագաներով, սննդով եւ այլն: Մեր տվյալներով՝ այսօր սահմանում մոտ 10 հազար կամավոր կա, որոնք մեր հայրերն են, ավագ եղբայրները եւ տղաների հետ կանգնած՝ ապահովում են մեր անվտանգությունը: Քանի որ կամավորները շատ են, բոլորի պահանջները չէ, որ կարողանում են ապահովել, այդ իսկ պատճառով որոշել ենք հավաքել անհրաժեշտ իրերը»,-նշեց Բազինյանը՝ թվարկելով այս պահին ամենաանհրաժեշտ պարագաների ցանկը: Դրանք են՝ հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղամիջոցներ, վիրակապ անելու պարագաներ, ուշ փչացող սնունդ՝ պահածոներ, հյութեր, լուծվող սուրճ, տաք վերմակներ, տարբեր չափսերի մարտկոցներ, ռետինե ձեռնոցներ, ծխախոտ: «Շատ կարեւոր են անձրեւանոցները՝ թիկնոցները, քանի որ մարդիկ անձրեւի տակ են ընկել, եւ այս պահին հիվանդ դիրքերում կանգնած են: Անհրաժեշտ են նաեւ քնապարկեր: Փորձում ենք հովանավոր գտնել, որպեսզի կարողանանք գոնե մի քանի հարյուր զրահաբաճկոն գնել կամավորների համար: Զինվորներն ունեն, բայց կամավորների 95 տոկոսը չունի, ինչը խիստ անհրաժեշտ է դիրքերում»: Անվտանգության միջազգգային հատուկ ակադեմիայում իրերի հավաքագրման կետը կգործի  մինչեւ երկուշաբթի,  ժամը 21:00-ն: