ԿԳ նախարարությունը կընդառաջի Թալիշում ծառայողի ընտանիքին
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը նամակ է հղել ԿԳ նախարարին՝ ներկայացնելով մի ընտանիքի պատմություն «Միակողմանի ծնողազուրկ տղան ծառայում Թալիշում, մայրը ապրիլի 1-ին, իմանալով ԼՂՀ սահմանային դեպքերի մասին, հավաքելով վերջին դրամական միջոցները, գնացել է որդուն տեսակցության, ընտանիքի երկու դստրերը սովորում են Երևանում՝ ԵՊՀ–ում և ՀՊՄՀ–ում (մանկավարժական)։ Վարձերի չմուծելու պատճառով աղջիկներին չեն թույլատրում մասնակցել քննություններին»,–լացակումած պատմել է հորաքույրը։ Ընտանիքը նպաստառու է, մայրը չի աշխատում, ընտանիքի ապրուստի միակ միջոցը գյուղմթերքից ստացված եկամուտն է։ «Կրթության և գիտության բնագավառի մեծարգո այրեր, այս պահին առաջնագծում մարտնչողների ընտանիքներին օգնում են՝ ով ինչով կարող է։ Մի՞թե հնարավոր չէ ձեռք մեկնել ծնողազուրկ երկու ուսանողներին, ում եղբայրը այս պահին դիրքերում է, մայրն էլ՝ անօգնական ու ծանր հոգեվիճակում»,- ասված է դիմումում։ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը պատասխանել է նամակին: Հարգելի Անահիտ Գևորգյան, շնորհակալություն նման նուրբ խնդիր վերհանելու համար: Խոնարհվելով յուրաքանչյուր զինվորի, նրանց ընտանիքների առջև, տեղեկացնեմ, որ կոնկրետ այս ընտանիքի հարցով նախարարությունը դիմել է ԵՊՀ-ին և ՀՄՊՀ-ին՝ հնարավորինս աջակցություն տրամադրել, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ դրա համար մեզ անհրաժեշտ է ընտանիքի տվյալները, որ հույս ունենք Դուք կտրամադրեք: