Անտառներում կարող են հայտնվել շինություններ
Պետական անտառներում առաջիկայում կարող են հայտնվել շինություններ: «Այն տարածքը, որը անտառային կատեգորիայի հող է, բայց թեկուզ անտառապատ չէ, բայց կարող ես անտառ տնկել, շենք կսարքեն»,- ահազանգում է «ecolur.org»-ի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Կառավարությունը հավանություն է տվել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի՝ ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով պետական անտառային տարածքներում թույլատրվում է կառուցապատում իրականացնել: Բնապահպանը հիշեցնում է՝ արդեն բավականին ժամանակ է անտառտնկումների համար բյուջեով գումար չի հատկացվում: «Հիմա քիչ-քիչ անտառն այս ձեւով է օգտագործվելու»: Մեկ այլ փոփոխությամբ էլ վերացվել է անտառային տոմս հասկացությունը՝ փոքր բիզնեսի զարգացումը խթանելու համար: «Ամեն մեկը կարող է մտնի եւ անտառից ինչ հատապտուղ ուզում է, կարող է առանց թույլտվության հանել: Սա նշանակում է, որ իրենք կմտնեն անտառ, չհասկանալով ի՞նչն է Կարմիր գրքում գրանցված, ինչը՝ ոչ եւ ոչնչացնելով դուրս կգան»,- նշեց Վիկտորյա Բուռնազյանը: Գյուղատնտեսության նախարարությունը առարկել է անտառային տոմս հասկացությունը հանելու կապակցությամբ, սակայն այն չի ընդունվել: