«Հրազդան ցեմենտ»-ը կարժանանա՞ «Նաիրիտ»-ի ճակատագրին (տեսանյութ)
«Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկմանը ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ռազմավարական առումով այդ գործարանի ճակատագիրն ի՞նչ է լինելու. «Միգուցե բանկը գործարանի մի հաստոցը կամ արտադրամասը վաճառքի է հանում, որ իր գումարը հետ բերի: Ե՞րբ է, ինչպե՞ս է լինելու գործարանի նոր սեփականատիրոջ փնտրելու գործընթացը կամ սկսվելո՞ւ է արդյոք, քանի որ դե յուրե բանկը չի կարող ցեմենտ արտադրել: Ինչպես նաեւ՝ ուզում եմ իմանալ՝ տեղական հարկերի մասով ինչպիսի՞ վիճակում է գործարանը, արդյոք ժամկետանց պարտավորություններ ունի՞ Հրազդան քաղաքի նկատմամբ»: Նշենք, որ «Հրազդան ցեմենտ»-ը գրավադրված է եղել ՎՏԲ բանկում եւ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով նրա բաժնետոմսերն անցել են բանկին: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ պատգամավորի դիտարկումները ճիշտ են՝ առհասարակ բանկերի պարտավորությունների մեջ է մտնում նաեւ այն, որ գրավադրված գույքից կարողանան ապահովել իրենց գումարների գանձումը. «Սակայն բանկը հանդես եկավ համարժեք առաջարկությամբ՝ ոչ թե ձեռնարկությունը կմասնատի, այլ կշարունակի աշխատեցնել ու վերարժեւորել իր ակտիվները՝ մնալով հիմնական ցեմենտ արտադրողներից մեկը: Բանկը գույքը մասնակի վաճառքի չի հանի: ՎՏԲ-ին գործարանը ինը մլն ԱՄՆ դոլար վարկի ներգրավվածություն է ունեցել: Իսկ այժմ էլ 4.6 մլն դոլար ներդրում է արել բանկը՝ վերազինման համար: Բանկը, իհարկե, գործարանի վաճառքի առաջարկով է հանդես գալու, հակառակ դեպքում բանկային օրենսդրություն է խախտելու»: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Փաստորեն, բանկի շահագրգռությունը գործարանն ավելի լավ ապրանքային տեսքի բերելն է, որ վաճառվի: Արդյոք կրկին կգնա՞նք նույն սցենարով, ինչ գնացինք «Նաիրիտ»-ի դեպքում, երբ տարբեր տարբերակներ ներկայացվեցին ու ոչինչ չարվեց»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի ցանկանում, որ «Նաիրիտ»-ի հետ զուգահեռներ տանել, այլ Ագարակի գործարանի հետ, որին արտոնություններ են տրվել եւ հիմա գործարանը բավականին մեծացրել է իր արտադրական ծավալները. «Եթե այս աջակցությունը չցուցաբերենք գործարանին, ապա այս ձեռնարկությունը կկորցնենք»: