«Մինսկի խումբը պետք է կոնկրետ ասի՝ ով է պատասխանատուն» (տեսանյութ)
«Պարզ է, որ վերջին երեք օրվա իրադարձություններն աննախադեպ են իրենց ինտենսիվությամբ և ներգրավածությամբ: Ադրբեջանը սկսել է հարձակումն այնպիսի զինատեսակներով, որոնք չեն կիրառվել 1994թ-ի զինադադարից հետո: Այսինքն` դա պահպանումն է այն լարված իրավիճակի, որը տիրում է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ուղղակի ավելի բարձր մակարդակով»,- այսօր նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով նաև, որ Ադրբեջանի համար հիմք են հանդիսացել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ունեցած խնդիրները: Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանը ոչ միայն պետք է պատասխանատվության կանչվի այս ամենի համար, այլև ներկայացնի սեփական բացատրությունը, որը ակնկալվում է համաշխարհային հանրության կողմից: Ադրբեջանի նկատմամբ բանաձևեր կիրառելուց բացի, ըստ քաղաքագետի՝ միջազգային հանրությունը պետք է նաև կոնկրետ քայլեր ձեռնարկի: Նշենք նաև, որ այսօր Վիեննայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս համատեքստում պարոն Մարկարովը շեշտեց, որ համանախագահները կրակը դադարեցնելու կոչեր հնչեցնելուց բացի, պետք է ավելի կոնկրետ հասցեագրեն և թիրախավորեն, թե ով է կրում այս ամենի պատասխանատվությունը: «Այս կերպ Ադրբեջանը ցույց է տալիս, որ Մինսկի խումբը այն ատյանը չէ, որի հետ իրենք պատրաստ են գնալ խաղաղության»,-ասաց նա: Խոսելով նաև Ադրբեջանի կողմից «Իսլամական պետության» վարձկաններին մարտի դաշտ հանելու մասին՝ քաղաքագետը նշեց, որ դա նորություն չէ: Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Ալեքսանդր Մարկարովը նշեց. «Ռուսաստանը մի կողմից հանդես է գալիս որպես մեր ռազմավարական դաշնակից, սակայն մյուս կողմից էլ նա Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Բացի այդ Ռուսաստանը Ադրբեջանին դիտարկում է որպես տարածաշրջանում խոշոր խաղացող՝ հաշվի առնելով նրա էներգակիրների հնարավորությունը,սակայն մյուս կողմից էլ ունի պայմանագրային պարտավորություններ Հայաստանի հետ: Այսինքն Ռուսաստանի որոշումները բազմաշերտ էլեմենտներով են պայմանավորված»: