Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևյան կլանի թալանն ու պատերազմը. ինչ կապ կա

Քաղաքականություն
3fffc9ccb574e7cad4e7679706c90542

Միջազգային հետաքննող լրագրողները հայտնաբերել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օֆշորային գոտում գտնվող ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ։ Ալիևի հարազատներն օգտագործել են Պանամայի տարածքում գրանցված ֆոնդեր և ընկերություններ՝ թաքցնելու համար ոսկու արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների և լոնդոնյան անշարժ գույքի մասնաբաժինները։ «Միանշանակ, հասկանալի է մի բան, որ հիմա այս պատերազմական գործողությունների մեջ Ալիևի կողմից կա անձնական շահ։ Որքան գիտեմ՝ դեռ Դուբայի և Անգլիայի գործերը բացված չեն։ Երբ դա էլ կբացվի ամբողջությամբ, թե ինչով է զբաղվել ալիևյան կլանը, ինչ թալան է եղել, պատկերացնո՞ւմ եք... Առանց այդ էլ Ադրբեջանի վիճակը վիճակ չի, հետո ինչ կլինի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ ԼՂՀ հետ սահմանին լայնամասշտաբ գործողություններ սկսելու առաջնային պատճառներից մեկը նա հենց վերոնշյալ փաստն է համարում։ «Համոզված եմ, որ սա էլ է հանդիսացել խթաններից մեկն այս անխելք ու անհույս օպերացիան սկսելու համար։ Իհարկե, դա ամենակարևորը չի, բայց շարժիչ խթաններից մեկն է եղել՝ իրենց հասարակությանը լրիվ շեղելու, պատրիոտիզմը բարձրացնելու, նաև ասելու համար՝ դրա՞ ժամանակն է քննարկել, կռիվ է գնում..։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի մերձավոր Թուրքիայի պահվածքին, քաղաքական գործիչը նշեց. «Թուրքերը բացահայտ ցույց են տալիս, որ նաև իրենք են կանգնած ադրբեջանական օպերացիայի ետևում»։ Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ այժմ Ալիևը խուճապի մեջ է, պարոն Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ Ալիևը խուճապի մեջ է՝ երեկվանից սկսված հայկական հարձակողական գործողություններից։ Իրենց համար անսպասելի էր դա, քանի որ իրենց մոտ վստահություն կար, որ իրավիճակը կմնա այնպես, ինչպես իրենց հարձակման գիշերը։ Երեկվանից չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ իրավիճակը փոխվեց...»։