Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Ենոքյանը պատիվ է պահանջում

Հասարակություն
mher-enoqyan

Այսօր Արաբկիր եւ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն ընդդեմ  ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, քաղաքացի Իզաբելա Աբգարյանի եւ երրորդ անձ՝ Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ  Անտինյանի:  Մհեր Դավթի Ենոքյանը, դիմելով դատարան, խնդրել է Նարեկ Մալյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում  հերքել հայցվորի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև հայցվորին՝ որպես փոխհատուցում, վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2մլն  դրամ փոխհատուցում: Իսկ Իզաբելա Սարգսյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային հերքել հայցվորի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Մհեր Ենոքյանին վիրավորել է Նարեկ Մալյանի  ֆեյսբուքյան այն գրառումը, թե նա  մասնատել, քառատել է  Իոսիֆ Աղաջանովի մարմինը, այնուհետեւ լցրել սպորտային պայուսակի մեջ եւ դիակի համար հարազատներից գումար պահանջել: Իսկ Իզաբելա Աբգարյանն էլ գրառման տակ մեկնաբանություն է թողել, թե Մհեր Ենոքյանն էլ թող մասնատված եւ սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքը կարդա: Մհեր Ենոքյանի համար վիրավորական է, որ իրեն համեմատել են Վալերի Պերմյակովի կամ Բրեյվիկի հետ: Իսկ ինչ վերաբերում է Իոսիֆ Աղաջանովի մարմինը մասնատելու փաստին, ապա նա հիշեց՝  տարիներ առաջ նման հաղորդում պատրաստելու համար «Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակային ներողություն է խնդրել: Գործով պատասխանողների ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանին՝ որպես վարձու փաստաբան, հետաքրքրում էր, թե ինչի համար է վիրավորվել Մհեր Ենոքյանը, նրան գործի հետ կապված այլ հանգամանքներ էլ էին հետաքրքրում: Փաստաբանին  նաեւ հետաքրքրում էր՝ եթե դատարանը բավարարի հայցը, որտե՞ղ Նարեկ Մալյանը պետք է հերքում տպագրի, եթե փակած լինի իր ֆեյսբուքյան էջը: «Կարող է փակում է էջը, կինը թույլ չի տալիս օգտագործել»,- ասաց նա: Իսկ դատավոր Ռուբեն Բունիաթյանը հակադարձեց: «Բայց կինը կարո՞ղ է արգելել»: Գործով դատական նախնական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 5-ը, որպեսզի կողմերը դատարանին լրացուցիչ ապացույցներ ներկայացնեն: